Ռուսական իշխանության ամենահզոր քարոզչամեքենայի՝ Առաջին ալիքի եթերից հնչած տեղեկությունը Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին հայաստանյան գրեթե բոլոր լրատվամիջոցները ներկայացրին որպես թյուր տեղեկատվություն, ոմանք էլ կապեցին այդ տեղեկատվությունը հաղորդավարուհու` Իրադա Զեյնալովայի ադրբեջանական ծագման հետ: Սակայն նման կարծիքի դեմ գործում են մի շարք հակափաստարկներ, որոնք անհնար է անուշադրության մատնել:
Նախ և առաջ, ռուսական ОРТ-ն կամ Առաջին ալիքը վաղուց արդեն կայացած հեռուստաընկերություն է, որը պարզապես պրոֆեսիոնալ առումով չի կարող թույլ տալ այդօրինակ իրադարձության շուրջ ապատեղեկատվություն: Ռուսական այդ հեռուսատաընկերությունը իր գոյության ընթացքում մշտապես եղել է ռուսական իշխանությունների գլխավոր քարոզչամեքենան, որի միջոցով գործնականում լուծվել են բազմաթիվ լուրջ քաղաքական խնդիրներ:
Թերևս շատերը կհիշեն, որ ոչ վաղ անցյալում հենց այս հեռուստաընկերությունը իր վրա վերցրեց Վլադիմիր Պուտինի PR-ը, ներկայումս արդեն գրեթե մոռացության մատնված Սերգեյ Դորենկոն պարզապես ոչնչացրեց Պուտինի մրցակից և Ելցինի ամենահավանական ժառանգորդ, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին: Պատահական չէր նաև, որ վերջերս անհայտ հանգամանքներում մահացած Բորիս Բերեզովսկին հայտարարում էր. «ОРТ-ն հեռուստաընկերություն չէ, այլ քաղաքականություն»: Այսինքն՝ նկատի ունենալով վերոնշյալը, աներկբա է դառնում , որ Առաջին ալիքից հնչող ցանկացած արտահայտություն և անգամ տոնայնություն համաձայնեցված է Պուտինի հետ:
Այստեղ արդեն կարող է հարց առաջանալ, թե ինչու է ռուսական կողմը կամ Պուտինը թույլ տալիս , որպեսզի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը ժխտող լուրեր հնչեն եթերից: Վերջիվերջո, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ուղղակիորեն Պուտինի ճնշման տակ Սերժ Սարգսյանը արեց սեպտեմբերի 3-ի հայտարարությունը: Սակայն կարծում ենք՝ ամեն ինչ շատ ավելի պարզ է: Այն մասին, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը խնդրահարույց է՝ ասվել է բազմիցս:
Այդ դժվարությունների մասին շատ հաճախ է խոսել անգամ վարչապետ Տիգրան Սարգսյանը` շեշտադրում անելով հենց միայն այն փաստի վրա, որ Հայաստանը չունի սահմաններ ՄՄ անդամ երկրների հետ: Ներկայումս, իհարկե, վարչապետը փոխել է իր կարծիքը , քանի որ դա պետք էր Ռուսաստանին, սակայն վարչապետի կարծիք փոխելով՝ նշված խնդիրը բնականաբար չի վերանում: Հաջորդ կարևորագույն խնդիրը արցախյան հիմնահարցն է: Այս առումով ևս բացարձակապես ոչ մի հստակություն չկա, չնայած ՀՀ իշխանություններին, թե նկատի է առնվել Ղարաբաղի անվտանգությունը, այնուամենայնիվ գործնականում առարկայական ոչինչ օրակարգում չի նկատվում: Պարզից էլ պարզ է, որ Ռուսաստանը ցանկություն չունի և չի պատրաստվում փչացնել իր հարաբերությունները Ադրբեջանի հետ, ուստի ընդամենը կարող ենք ասել, որ հայկական կողմի պնդումները Ղարաբաղի անվտանգության նկատառումների մասին սովորական աչքակապություն է կամ հանության աչքերին թոզփչոցի: Իրականում ներկայումս բացարձակապես ոչ մի հստակություն չկա, թե ինչպիսին է լինելու ԼՂՀ հետագա ճակատագիրը, եթե անգամ Հայաստանը լիարժեքորեն մտնի ՄՄ:
Վերոնշյալի համադրության արդյունքում ընդամենը պարզ է դառնում, որ իրականում ոչ Ռուսաստանը, ոչ էլ ՄՄ անդամ մյուս երկրները մեծ շահագրգռվածություն չունեն Հայաստանին իրենց միության մեջ տեսնելու: Պարզապես Պուտինի օրակարգում դրված էր վիժեցնել Հայաստան-ԵՄ որևէ համագործակցության կայացումը, ինչը և արվեց: Հայաստանը վաստակեց անկանխատեսելի պետության համբավ ԵՄ աչքերում, ստորագրեց նախնական որոշումներ, որոնք գրեթե անհաղթահարելի խոչընդոտ են դառնում Վիլնյուսում որևէ լուրջ փաստաթղթի առաջ գալու համար: Այսքանից հետո արդեն հանգիստ կարելի է կրկին հեռու վանել «ռազմավարական գործընկերոջը», որը միևնույն է, արդեն գնալու տեղ չունի:
Աղասի Մարգարյան