Հունվարի 15-ին հրաժարական տվեց Դմիտրի Մեդվեդևի գլխավորած կառավարությունը, որը նույն օրը երեկոյան վավերացրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այսօր հայտնի դարձավ, որ Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովի հրամանով՝ պետության ղեկավարն իր «ժամանակավոր անաշխատունակության» ընթացքում շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել վարչապետ Մուսլիմ Խուչիևին: Ինչո՞վ են պայմանավորված այս իրադարձությունները, և ի՞նչ նոր զարգացումներ սպասել առաջիկայում, այդ թվում՝ հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում:
Թեմայի շուրջ Araratnews-ը զրուցեց քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ։ Անդրադառնալով ՌԴ կառավարության հրաժարականին՝ քաղաքագետը նկատեց.
«Կատարվածը մի քանի պատճառ ունի. նախ, միջազգային փորձագետների գնահատմամբ, Ռուսաստանը վերջին 6-7 տարիներին տնտեսական անկում է գրանցում, և դրա համար պետք է պատասխան տա մեկը: Իհարկե, նախագահը մեղքը իրեն չի վերագրելու, ուստի այս դեպքում «շեֆը» (Վլադիմիր Պուտինը– խմբ.) պետք է «զոհաբերեր» պատասխանատուներից մեկին, որը վարչապետ Դմիտրի Մեդվեդևն է: Երկրորդ պատճառն այն է, որ Ռուսաստանը փորձելու է հասնել տնտեսական կայունության՝ առավել արդյունավետ քաղաքականությամբ ու ղեկավարմամբ»:
Շիրինյանը Պուտինի՝ Սահմանադրական փոփոխություններ կատարելու մտադրությունը համեմատեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի համանման քաղաքականության հետ, ընդգծելով, որ հենց այն դարձավ վերջինիս իշխանությունից հեռացման պատճառը:
«Նույնը, կարծում եմ, կլինի նաև Պուտինի հետ, առհասարակ կարելի է ասել՝ ՌԴ կառավարության հրաժարականով ավարտվեց պուտինյան դարաշրջանը»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ հենց այդ տրամաբանությամբ է պայմանավորված Չեչնիայի նախագահի վերջին որոշումը: Ըստ նրա՝ Ռամզան Քադիրովը հենց պուտինյան Ռուսաստանի անքակտելի մասն է:
«Պետք է այս ամենից հետևություններ անել և ավելի կայուն ու փոխշահավետ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի Դաշնության հետ, կարևոր է, որ երկու երկրների միջև համագործակցությունը չտուժի վերջին իրադարձությունների պատճառով»,-եզրափակեց Լևոն Շիրինյանը:
Արա Ալոյան