ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ստորագրել է հրամանագիր, որով վերականգնվել են Ղրիմի այն ժողովուրդների իրավուքնները, որոնք աքսորվել են Ստալինի կառավարման տարիներին։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։
«Ցանկանում եմ տեղեկացնել իմ գործընկերներին, որ այսօր իմ կողմից ստորագրվել է Ղրիմի թաթարների, հայկական բնակչության, գերմանացիների, հույների իրավունքների վերականգման մասին հրամանագիր, ովքեր տուժել են ստալինյան բռնաճնշումների ժամանակ», — ասել է Պուտինը Մոսկվայում։
Բացի այդ, նա տեղեկացրել է, որ հրամանագրով սահմանվում է որոշ շրջանների սոցիալ-տնտեսական բարեկարգման միջոցները, որոնք վերջին տասնամյակներում իրավաբանական ձևակերպումներ չէին ստացել։
Տեղեկացնենք, որ 1944 թվականին ԽՍՀՄ ներքին գործերի կոմիսարիատը որոշում էր կայացրել տեղի որոշ բնակչության աքսորման մասին Սիբիր։ Թաթարներին մեղադրում էին, որ նրանց որոշ ներկայացուցիչներ համագործակցել են ֆաշիստական Գերմանիայի հետ։