Դեկտեմբերի 2-ին ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան էլ ավելի կարագացնի Մաքսային միություն մտնելու գործընթացի տեմպերը: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը:
Նա կարծում է, որ այդ այցով որոշակի մատչելի պայմաններ կստեղծվեն նաեւ հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների ոլորտում՝ հատկապես բիզնեսմենների եւ օլիգարխիկ շրջանակների համար:
«Հիմքեր են ստեղծվելու նաեւ Եվրասիական միություն ստեղծելու նախագծի առումով: Քանի որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ կա ցանկություն լինել Եվրասիական միության հիմնադիր անդամ, ուրեմն, ըստ այդմ, որոշակի պլաններ կմշակվեն`ինչպես պետք է դա արվի»,-ասում է Էդգար Վարդանյանը:
Այն հարցին, թե իսկապե՞ս Հայաստանը չուներ այլընտրանք, բացի Մաքսային միությանն անդամ դառնալու որոշումը ընդունելուց, Վարդանյանը առարկեց՝ նշելով, որ այլընտրանք կար:
«Մաքսային միությունը եւ անվտանգության ապահովման խնդիրը լրիվ տարբեր բաներ են իրականում: Եւ եթե իրար հետ կապվում է, դա կապում է Ռուսաստանը: Դա նշանակում է , որ ուղղակի շանտաժ է, եւ եթե դու ուժ չունես չենթարկվել այդ շանտաժին, նշանակում է իշխանությունները առնվազն պետք է հրաժարական տան եւ ռադիկալ լուրջ փոփոխություններ լինեն քաղաքական էլիտայի մակարդակով»,-ասում է Վարդանյանը:
Ըստ փորձագետի՝ Հայաստանը կարող էր իր անվտանգության խնդիրը դարձնել ամենաբարձր մակարդակներում քննարկվելիք հարց եւ փորձել այնպես անել, որ Արեւմուտքը Հայաստանի անվտանգության ապահովման հարցով սկսեր զբաղվել, ու այդ հարցը օրակարգային դարձներ:
«Այլընտրանք ուներ Հայաստանը: Կարող էր ասել Ռուսաստանը շանտաժի է ենթարկում մեզ: Եթե մեր իշխանությունները լեգիտիմ լինեին, եվրոպացիներին կասիեն, որ դուք լավ գիտեք, որ մեր անվտանգության համակարգը ՀԱՊԿ-ի հետ է կապված, եւ մենք անվտանգության ապահովման խնդիր ունենք այսօր: Նրանք եվրոպացիներին կարող էին ասել, որ եթե ուզում եք մենք էլ եվրոպական քաղաքակրթական տարածքի մաս լիեննք, Ասոցացման պայմանագիր նախաստորագրենք, առաջին հերթին հենց այս հարցի վերաբերյալ լուրջ լուծումներ գտեք»,-ասում է Վարդանյանը:
Այս կերպ Հայաստանը ժամանակավորապես դադար կվերցներ. չէր նախաստորագրի Ասոցացման պայմանագիրը, բայց չէր էլ մտնի Մաքսային միություն ու կասեր Եվրոպային, որ այս հարցը պետք է լուծել:
Ըստ Վարդանյանի՝ Հայաստանն ինքը պետք է նախաձեռներ այդ հարցի բարձրացումը:
«Բայց քանի որ իշխանությունները լեգիտիմ չեն, լուրջ բիզնես շահեր ունեն Ռուսաստանի տարածքում, կախյալ վիճակում են գտնվում, բնակնաբար ոչ մի դիմադրություն չեն ցուցաբերում եւ չեն մտածում հանրության շահերի մասին»:
Լիլիթ Առաքելյան