ԽՍՀՄ վերածննդի մասին վախերի և ֆոբիաների հաղթահարումը օգնում է միավորվելու գաղափարին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Ամեն դեպքում հասկացողությունը, որ ուժերը միավորելը հանուն բոլորի օգուտի բացում է իր ճանապարհը անխուսափելի է: Եվ զգալով այս առավելությունները, իսկ այս գործընթացում բոլոր մասնակիցներն են զգում այդ առավելությունները, մենք առաջ ենք գնում», – մեկնաբանել է ՌԴ նախագահը: Նա շեշտել է, որ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մրցունակության բարձրացումը միավորվելու միջոցով «բացարձակապես բնական գործ է», քանի որ բոլոր երկրներում մարդիկ տիրապետում են ռուսերենին և ունեն ընդհանուր տրանսպորտային ենթակառուցվածք, ինչպես նաև էներգիա և կապ:
Պուտինը նշել է, որ արևմտյան երկրները դիմադրում են նման միավորմանը: «Նրանք չեն ցանկանում, որ իրենց մրցակցի կարողությունները կամ հնարավորություններն աճեն: Բայց մենք դա ուզում ենք, քանի որ դա մեր ժողովրդի բարեկեցության բարձրացման ճանապարհն է», – շեշտել է նախագահը: Նա հավելել է, որ մինչև վերջերս «արևմտյան գործընկերները», ընդհանուր առմամբ, «չէին ցանկանում լսել մեր տնտեսական, հենց տնտեսական, և ոչ քաղաքական, ոչ ռազմական միավորումների մասին»:
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով Կրեմլում երկու աղբյուրների, հաղորդել էր, որ Պուտինն, իբր, առաջարկել է իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին միավորել Ռուսաստանը և Բելառուսը՝ գերտերություն ստեղծելու համար: