Երեկ հայտնի է դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և անդրադարձել Ուկրաինայի խնդրին, ինչպես նաև Օբամայի ուշադրությունը հրավիրել Մերձդնեստրի խնդրին։
Հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը խոսել է «Ուկրաինայում ծայրահեղականության և ամենաթողության մասին, երբ առանց խոչընդոտների, վախեցման գործողություններ են իրականացվում խաղաղ բնակիչների, իշխանական շրջանակների, իրավապահների վրա Կիևի և Ուկրաինայի շատ շրջաններում»։
Բացի այդ, Պուտինը խոսել է նաև Մերձդնեստրի մասին՝ նշելով, որ այդ շրջանը փաստացի գտնվում է Ուկրաինայի շրջափակման մեջ։ Հիշեցնենք, որ որոշ փորձագետների կարծիքով Մերձդնեստրը «ռուսական ընդլայնման» հաջորդ թիրախն է։
Կողմերը պայմանավորվել են, որ տեղի կունենա հանդիպում երկու երկրների արտգործնախարարների միջև։
Օբաման, իր հերթին, կոչ է արել Պուտինին հետ քաշել զորքերը Ուկրաինայի սահմանից, ինչը թույլ կտա թուլացնել լարվածությունը ուկրաինական ճգնաժամում։ Նա պարտադիր է համարել Ուկրաինայի տարածքային ամբողջականության ապահովումը։