Ararartnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով Վ.Վ. Պուտինի հնարավոր այցի հետ կապված տարաբնույթ մեկնաբանություններին, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նշեց. «Սովետական միության փլուզումից հետո Ռուսաստանի ազդեցությունը ընդհանրապես պոստսովետական երկրներում ունի մեծ ազդեցություն, բայց այդ ազդեցություն ունի, իմ կարծիքով, ավելի շատ աշխարհաքաղաքական իմաստով ու վերջին խնդիրների հետ կապված` կառավարություն կազմել, նախարարներ փոխել, այդպիսի լիազորություններ այդ երկիրը չունի»:Մեր զրուցակցի խոսքերով, քանի որ հայ հասարակությունը ապրում է ավանդական պատկերացումներով, և հայ հասարակության մի հատվածի պատկերացումներում Սովետական միությունը դեռ չի փլուզվել, հենց այդ պատճառով ծնվում են այնպիսի կարծիքներ որ, Պուտինը կարող է նախարար կամ վարչապետ նշանակել: «Բնականաբար հայ հասարակության այդ հատվածը իր ազդեցությունն ունի լրատվամիջոցների ու այն մարդկանց վրա, ովքեր ձևավորում են հասարակական կարծիք: Եթե հասարակության մեջ կա այդպիսի տեսակետ, եթե դուրս են գալիս Զորի Բալայանի նամակներ, Հայկ Քոթանջյանի նամակի փոխադրումներ և այլն, ապա բնական է , որ այդ հասարակական շերտի համար Պուտինը կարող է կառավարություն էլ նշանակել, նախարար էլ փոխել։ Ցավոք սրտի, դա իրականություն է, և այդպիսի կարծիք ունեցողների համար Պուտինն ավելի շատ է Հայաստանի նախագահը, քան ցանկացած մեկ ուրիշը»,- եզրափակեց մեր զրուցակիցը: