Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությունը կկայանա հունիսի 7-ին: Այս մասին, հղում կատարելով ուկրաինական ԶԼՄ-ներին, հայտնում է «ИТАР-ТАСС»-ը: Տեղեկությունների համաձայն՝ հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Կիևում:
Ուկրաինական սահմանադրությամբ ամրագրված կարգի համաձայն՝ «Ուկրաինայի նախագահը, որ ընտրվել է արտահերթ ընտրություններում, երդվում է ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո հնգօրյա ժամկետում»:
Ավելի վաղ պարզ էր դարձել, որ քվեարկության արդյունքների ամփոփման էլեկտրոնային արձանագրությունների 100%-ի հաշվարկից հետո Պյոտր Պորոշենկոն, հավաքելով ընտրողների ձայների 54,7%-ը, ընտրվել է Ուկրաինայի նոր նախագահ: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել էին նախկին
վարչապետ Յուլյա Տիմոշենկոն և Ծայրահեղական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն՝ համապատասխանաբար 12,81% և 8,32% տոկոս ձայներով: