Իսպանացի 79-ամյա օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Իմ ընտանիքն ու ես իրարից մեկուսացած կմնանք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է բժշկական տեսանկյունից»,- գրել է Դոմինգոն:
Նա պարզաբանել է, որ իր մոտ ախտանշաններ են ի հայտ եկել՝ հազ և ջերմություն, որից հետո նա որոշել է թեստ անցնել, որի պատասխանը դրական է եղել:
Դոմինգոն նաև բոլորին կոչ է արել հնարավորինս զգույշ լինել և հետևել հիմնական կանոններին. հաճախ լվանալ ձեռքերը, առնվազն երկու մետր հեռավորություն պահպանել մյուսներից, անել հնարավորը՝ վիրուսի տարածումը զսպելու համար և, ամենակարևորը, հնարավորության դեպքում՝ մնալ տանը:
«Մենք միասին կարող ենք հաղթահարել այս վիրուսը և ներկայիս համաշխարհային ճգնաժամը՝ օր առաջ վերադառնալով մեր բնականոն առօրյա կյանքին»,- գրել է Դոմինգոն: