Այսօր «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակի» նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը լրագրողների հետ հանդիպմանը ասել է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարը բացառապես տնտեսական և իրավական հարց է:
Նման որակումները բավականին վտանգավոր են, քանի որ եթե հենց նախաձեռնության կողմից հարցը որակվում է որպես բացառապես իրավական, ապա դա ենթադրում է նաև միմիայն իրավական գործիքներով պայքար. ԱԺ-ում փորձել փոփոխության ենթարկել օրինագիծը, կա՛մ այնպես անել, որ օրինագիծը չընդունվի, կա՛մ դիմել սահմանադրական դատարան և սպասել վերջինիս վճռին: Դա էլ մինչ այժմ կատարվել է. հիմնական դերակատարումը տրվել է պետական մարմիններին, Ազգային Ժողովին,Սահմանադրական դատարանին, իսկ փողոցը, տվյալ դեպքում՝ նախաձեռնությունը, հանդես է եկել ընդամենը այդ գործընթացներին որոշակիորեն աջակցողի, առկա խնդիրը հանրությանը մատուցողի դերում:
Պետք է հաշվի առնել, որ Սահմանադրական դատարանի վճռով վերջանալու են իրավական պայքարի գործիքները և ընթացող պայքարը լոկ իրավական կամ տնտեսական ձևակերպելու դեպքում սահմանափակվելու են հետագա գործողությունների հնարավորությունները:
Այստեղ, հավանաբար, նախաձեռնության անդամները վախենում են պայքարի քաղաքական բնորոշումից: Տերմինների ու հասկացությունների այս խառնաշփոթը արհեստականորեն գցվում է դաշտ, երբ ի հայտ են գալիս լուրջ պայքարի օջախներ: Այսինքն դաշտ է նետվում այն գաղափարը, որ քաղաքականություն նշանակում է լոկ կուսակցական գործունեություն, քաղաքականացնել նշանակում է կուսակցականացնել, նման ձևով նաև արհեստական հակասություններ ստեղծելով քաղաքականի ու քաղաքացիականի, քաղաքականի ու սոցիալականի, ինչպես նաև քաղաքացիականի և կուսակցականի միջև:
Ցանկացած խումբ, որը ձևակերպում է իր շահերը, խնդիրները, հանդես է գալիս դրանց բարձրաձայնմամբ, հանրային և քաղաքական օրակարգ բարձրացմամբ, զբաղվում է քաղաքականությամբ: Հետևաբար այս՝ իր բնույթով սոցիալական խնդիրը նաև քաղաքական է:
Քաղաքական է նաև, քանի որ նման համակարգի պայմաններում չեն կարող լինել մաքուր տնտեսական և իրավական խնդիրներ: Այսինքն, գրեթե անհնարինի շարքից է, որ իրավական ճանապարհով՝ տվյալ դեպքում սահմանադրական դատարանի միջոցով հնարավոր կլինի լուծել խնդիրը: Այդ ճանապարհով խնդիրը կարող է լուծվել միմիայն այն դեպքում, երբ դա բխի գործող վարչախմբի շահերից: Որպես շահ, վարչախմբի համար տվյալ դեպքում կարող է հանդես գալ նաև ավելի մեծ խնդիրներից խուսափումը: Սակայն մինչ այդ պետք է առաջացնել նման խնդիրներ: Իսկ պայքարը ապաքաղաքական որակելով, քաղաքական գնահատականներ տալուց խուսափելով, սահմանադրական դատարան դիմելով ռեժիմի համար խնդիրներ չեն առաջացնում:
Նման բարեփոխումներ յուրաքանչյուր երկրում իրականացվում են հենց վարչակազմի կողմից կայացված քաղաքական որոշման արդյունքում: Նման խնդիրները քաղաքական են, անգամ եթե դրանք առաջանում են ժողովրդավարական պետություններում, ժողովրդավար վարչակազմի պայմաններում:
Այսպիսով, պետք չէ վախենալ ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարը քաղաքական անվանելուց:
Սևակ Մամյան