տուն Քաղաքական Պետք չէ պիտակավորել. պատգամավորը՝ «Այո»-ում ՀՀԿ-ական ու ՀՅԴ-ական հանձնաժողովականների մասին

Պետք չէ պիտակավորել. պատգամավորը՝ «Այո»-ում ՀՀԿ-ական ու ՀՅԴ-ական հանձնաժողովականների մասին

166
0

Երեկվանից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում քննարկում են ապրիլի 5-ի հանրաքվեի «Այո»-ի հանձնաժողովներում ընդգրկված անձանց, որոնք մինչեւ իշխանափոխությունն աշխատել են ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի համար:

Արդյոք սա մտահոգիչ չէ իշխանության համար: Araratnews.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանն ասաց՝ մեղավորության կանխավարկածը շատ վատ բան է: «Պետք չէ միշտ կանխագուշակել, որ մարդիկ, եթե անցյալում այլ բաներ են արել, հիմա էլ նույնն են: ՀՀ քաղաքացիների մեծ մասն ապրել է այս երկրում՝ ինչ-որ կերպ կապ ունեցել նախկին իշխանության հետ. կամ աշխատել է պետական ապարատում, կամ ինչ-որ բան իմացել ենք: Պետք չէ պիտակավորել մարդկանց, այլ պետք է նրանց դատել իրենց գործողություններով»,- կարծում է օրենսդիր մարմնի անդամը:

Պատգամավորը հիշեցրեց՝ իշխանությունը քանի անգամ հայտարարել է՝ չի հանդուրժելու որեւէ կեղծիք, իրավապահներն էլ արագ արձագանքման խմբեր են ստեղծել: «Նոր Հայաստանը մեզ բոլորիս տալիս է շանս սկսել կյանքը մաքուր էջից»,- հավաստիացնում է մեր զրուցակիցը:

Անուշ Բեղլոյանին տեղեկացրինք՝ շրջանառվում է տեսանյութ, թե ինչպես են, օրինակ, ընտրատեղամասերից մեկում հարձակվում լրագրողի վրա, եւ այսօր այդ հարձակվողներից մեկը դեռ աշխատում է պետական ապարատում: Ի պատասխան՝ օրենսդիր մարմնի անդամը դժվարացավ մեկնաբանել այդ դեպքերը: Նա հորդորեց՝ նման նյութեր հրապարակողները դիմեն իրավապահներին:

Ինչու իշխանությունը չի կարող հետկանչել նշանակված հանձնաժողովականներին, նրանց փոխարեն նշանակել միշտ պայքարած քաղաքացիների: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը հիշեցրեց՝ պետք է հանձնաժողովականները լիցենզավորվեն, անցնեն որոշակի ընթացակարգեր: «Առանց հիմքի չես կարող հետկանչել հանձնաժողովականների: Սա իմ անձնական կարծիքն է»,- ավարտեց իր խոսքը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը: