Հայ գործարարները որպես գործարար միջավայրի բարելավման գլխավոր ուղղություն մատնանշում են մաքսային բարեփոխումները: Այս մասին այսօր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կազմակերպած «Մաքսային բարեփոխումները Հայաստանում» համաժողովին լրագրողների հետ զրույցում ասաց ԱՄՆ ՄԶԳ «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի Գործարար միջավայրի բարելավման թիմի ղեկավար Ջոն Դոունսը:
Նրա խոսքով` իրենց ծրագրի նպատակն է Հայաստանում փոքր և միջին բիզնեսի զարգացումը, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավումը:
Պատասխանելով Մաքսային միության վերաբերյալ հարցին` Դուանսը պատասխանեց. «Մենք ուզում ենք ունենալ թափանցիկ ու արդյունավետ մաքսային համակարգ, և ես կարծում եմ, որ թե՛ կառավարությունը, թե՛ ՊԵԿ-ը լրջորեն են վերաբերվում այս խնդրին: Ոմանք խոսում են այն մասին, որ պետք է առևտրային հարաբերություններ ձևավորել Եվրամիության հետ, մյուսները խոսում են Մաքսային միության մասին: Մաքսային միությունը հայաստանցիների որոշելիք հարցն է, պետք չէ ակնկալել, որ ես ձեզ ասեմ, թե որ ուղղությամբ պետք է գնաք: Մենք փորձում ենք ձևավորել Հայաստանում մի համակարգ, որը հնարավորություն կտա առևտրային հարաբերություններ ձևավորել ոչ միայն Եվրամիության, կամ ասենք Մաքսային միության հետ, այլ ամբողջ աշխարհի»: