տուն Հասարակություն Պետք է վեթինգ լինի. ում է սպասարկում ՀԾԿՀ-ը

Պետք է վեթինգ լինի. ում է սպասարկում ՀԾԿՀ-ը

552
0

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությունը կոմունալ վճարները չմուծելու հետեւանքով էլեկտրաէներգիայից եւ գազից զրկվելու մասին զայրացել է քաղաքացիներին: Այսօր արդեն բողոքներ կան այն բաժանորդներից, որոնք չունեն հնարավորություն կոմունալ վճարները մուծելու:

Արդյոք հասկանալի է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հայտարարությունը, որը հաջորդեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ գազի գնի իջեցման եւ ՀՀ-ում ռուսական ընկերությունների ծանր վիճակում գտնվելու հայտարարությանը:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Araratnews.am-ի հետ զրույցում ասաց, որ իր համար անհասկանալի է ՀԾԿՀ-ի հայտարարությունը, տարօրինակ շատ բաներ կան: «Հանձնաժողովը հայտարարում է, որ այլեւս ֆորս մաժոր չէ: Ինչ տարբերություն այդ օրվա եւ դրան հաջորդող եւ նախորդող օրերի միջեւ: «Մարդիկ չեն աշխատում: Կառավարությունը կոմպենսացնում է որոշ բաներ, բայց մարդիկ չեն աշխատում: Պետք է անհատական մոտեցում դրսեւորել»,- ասաց քաղաքագետը:

Արդյոք ՀԾԿՀ-ի եւ Լավրովի հայտարարությունների միջեւ կապ կա, եթե ժամանակագրորեն հայտարարությունները հաջորդում են միմյանց: «Տարօրինակ ձեւով  համընկնում է իրար հետ»,- պատասխանեց պարոն Մեհրաբյանը:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառումներ, կասկածներ եղան, որ ՀԾԿՀ-ը այլ պետության շահեր է սպասարկում: Ռուբեն Մեհրաբյանն ասաց՝ եթե դա այդպես է, ու հաստատվի, դա կլինի հայրենիքի դավաճանություն եւ «այդ հոդվածով  հանձնաժողովը պետք է գնա բանտ»: «Բայց նման բան չեմ ուզում ասել: Բայց տարօրինակ ձեւով շատ բաներ համընկնում են: Ի վերջո, ինչ չափով է ՀԾԿՀ-ը Հայաստանինը, սպասարկո՞ւմ է ՀՀ-ի շահերը, ո՞ւմ  համար է կարգավորում հանրային ծառայությունները: Այս հարցերն օդում են: Մարդիկ իրավունք ունեն հարցնելու՝ ստանալով բարձր աշխատավարձ՝ ինչով եք այդտեղ զբաղված»,- ասաց մեր զրուցակիցը:

ՀԾԿՀ նախագահը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի քենակալն է, ուստի կասկածներ կան, որ գուցե Արթուր Վանեցյան-իշխանություն քաղաքական  հակադիր հարաբերություններով էլ պետք է պայմանավորել դա: Ռուբեն Մեհրաբյանը հիշեցրեց՝ այստեղ էլ են հարցեր առաջանում, այդ հանգամանքի վերաբերյալ խոսակցությունները վաղուց են, պատասխան չեն ստանում. արդյոք չկա շահերի բախում:

Կարծիք կա, որ արտակարգ դրությունից հետո պետք է ՀԾԿՀ-ում վեթինգի ենթարկել, պարզել, թե ՀԾԿՀ անդամներն ինչով են զբաղվում: Ռուբեն Մեհրաբյանի պատասխանը դրական է:

Կոմունալ վճարների այս խնդրում քաղաքագետը այլ կարևոր հարց էլ է առաջ քաշում: Հայաստանում ռուսական ընկերությունները պետք է ուսումնասիրեն, որից հետո նրանց գործունեությունը համապատասխանի ՀՀ շահերին:

Սոնա Դավթյան