Շուտով՝ փետրվարի 24-ին, կսկսվի Մեծ Պահքը։ Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:
Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:
Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3):
Իսկ ինչպես են Մեծ Պահքի խորհրդին հետևում հայկական շոուբիզնեսի աստղերը։ AraratNews.am-ը զրուցել է «X-Factor» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող, «Մշակույթի պետական քոլեջի» տնօրեն, երգիչ Վրեժ Կիրակոսյանի հետ:
AraratNews.am-ի հետ զրույցում երգիչը նշեց, որ որքան էլ հետևում է քրիստոնեական կանոնակարգերին և սկզբունքներին, այնուամենայնիվ, Մեծ Պահքի օրերին կենդանական ծագման կերակուրներից հրաժարվելն իր մոտ չի ստացվում:
«Այնպես չի, որ ես շատակեր եմ, բայց երևի սիրում եմ համեղ ուտել. երևի դրա համար: Ես մսակեր եմ: Ավելի շատ մսային համադրումներով ուտեստներ եմ սիրում: Ամեն օր, երևի թե, ճաշացանկում պետք է միս լինի: Սա է խնդիրը»,- ծիծաղելով նշեց երգիչը:
Հարցին, թե արդյոք իրեն հաջողվում է պահքի շրջանում հրաժարվել մոլի սովորություններից` ասենք ստախոսությունից, երգիչը պատասխանեց. «Կարծում եմ, որ այդ 40 օրվա մեջ չէ խորհուրդը: Իհարկե ընդունում եմ մեր Հայ Առաքելական եկեղեցու բոլոր կանոնակարգերը, բոլոր տաղավար տոները, որոնք գոյություն ունեն, բայց ես այն գաղափարին եմ, որ քրիստոնյան պետք է տարին 12 ամիս դա պահի. սուտ չխոսի, չլինի որկրամոլ, լինի առաքինի և պարկեշտ իր ամբողջ կյանքում: Մարդ պետք է այդպիսին լինի. դա քրիստոնեական ապրելակերպ է: Դու պետք է քո ապրելակերպով պահես դա, որպեսզի մաքուր լինես քո խղճի և նաև Աստծո առջև: Մի տեսակ անհասկանալի է ինձ համար, որ այդ 40 օրը սուտ չխոսես և դրանից հետո սկսես խոսել»:
Վրեժ Կիրակոսյանը հավելեց, որ իր ընտանիքի անդամներին պահք պահել, այնուամենայնիվ, հաջողվում է. օրինակ` քույրն անցյալ տարի ամբոջությամբ պահել է Մեծ Պահքը: