Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստը:
Վարչապետ Փաշինյանը ներկայացնում է կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցրեց, թե ուժային կառույցներում վարվող կադրային քաղաքականությունը որքանով է անդրադառնալու ոլորտի կատարողականի վրա:
«Պետք է ընդունենք և խոստովանենք, որ մեր իրավապահ համակարգն իրականում շոկի մեջ է: Եվ ես դա զգում եմ տարբեր առիթներով: Ոստիկանության, ԱԱԾ-ի աչքի առաջ տեղի է ունեցել մի բան՝ 2018-ի հեղափոխությունը, որը երկար տարիներ նրանց ներշնչվել է, որ հնարավոր չէ և չի կարող տեղի ունենալ: Այդ մարդիկ նայել են ու իրենց աչքերին չեն հավատացել: Հիմա էլ շատ մարդիկ նայում են և իրենց աչքերին չեն հավատում, որ ես այստեղ կանգնած եմ՝ որպես ՀՀ վարչապետ, քանի որ ես նրանց օբյեկտն եմ եղել տասնյակ տարիներ: Իմ քաղաքականությունը եղել է օգնել այդ համակարգերին, որ հաղթահարեն այդ շոկը, հասկանան, որ նոր իրավիճակում իրենց ուսերին դրված է ավելի բարձր, ավելի ազնիվ ու պետական առաքելություն: Եվ ես մեր համակարգերի և ոստիկանության ամենամեծ խնդիրը հենց այդ շոկն եմ համարում, որ ցավոք սրտի մինչև հիմա հաղթահարված չէ»,-պատասխանելով Հայրապետյանի հարցին՝ մասնավորապես նշեց վարչապետը: