ՀՀ կառավարությունն առաջարկել է փաստաբանների պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգ մշակել, համաձայն որիˋ յուրաքանչյուր փաստաբան մեկ տարով գրանցամատյանում հաշվառվելու համար, վճարելու է 60 հազար դրամ տուրք: Գործադիրի այս առաջարկությունն առաջացրել է ոլորտի մասնագետների դժգոհությունը, ովքեր գտնում են, որ վտանգված է փաստաբանների հետագա գործունեությունն ու անկախությունը: Ի՞նչ քայլեր են ձեռնարկելու նրանք, եւ ո՞ր խնդիրներն են այսօր հուզում փաստաբաններին՝ փաստաբան Լուսինե Սահակյանի հետ զրույցում փորձել է պարզել AraratNews.am-ի թղթակիցը:
«Նման կարգ սահմանվելու դեպքում կվտանգվի փաստաբանների անկախությունը, որովհետև փաստաբանների պալատը դա անկախ մարմին է և չի ենթարկվում որևէ պետական մարմնի, այսինքն փաստաբանների պալատն է վարում փաստաբանների ցուցակը, փաստաբանների պալատն է տալիս արտոնագիր և այլն: Հիմա նոր կարգի սահմանմամբ կարող ես փաստաբան համարվել միայն՝ եթե գրանցամատյանում հաշվառվել ես և վճարել համապատասխան տուրքը»:
Փաստաբանը պետական տուրքի սահմանումը համարում է անթույլատրելի, քանի որ, ըստ նրա, պետական սահմանման դեպքում պետք է լինի որոշակի պատճառաբանություն, թե ինչու պետք է վճարվի պետական տուրք: «Ինչ վերաբերում է մեր գործողություններին, կարծում եմ, որ փաստաբանները կպայքարեն նախևառաջ, որ այդ ընթացակարգը չսահմանվի, իսկ սահմանվելու դեպքում լուրջ խնդիրներ են առաջանալու, քանի որ չեմ կարծում, որ փաստաբանները կվճարեն այդ գումարը, նման պարագայում ՀՀ-ում փաստաբաններ չեն լինի կամ կլինեն շատ քիչ, որոնք որակ չեն կազմելու, և դատաքնություններում ու նախաքննությունների ընթացքում շատ լուրջ խնդիրներ են առաջանալու։ Ամեն դեպքում մենք չենք պատրաստվում վճարել այդ գումարը, այսինքն սա նշանակում է, որ պետության կողմից կազմակերպվելու է գործադուլ, քանի որ մենք մինչև չվճարենք սահմանված տուրքը, չենք համարվելու փաստաբան, իսկ մենք չենք պատրաստվում վճարել»,- նշել է փաստաբանը:
Էմմա Պալյան