«Կուսակցությունների ֆինանսավորման հարցում պետք է լինի պետական աջակցության հիմնահարց»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց սահմանադրագետ Արմեն Մազմանյանը՝ նշելով, որ մասնակցել է «Կուսակցությունների մասին» օրենքի հայեցակարգի մշակման աշխատանքներին:
Նշել է, որ ներկայիս ծավալը բավարար չէ, բացի դրանից, ներկայացրել է առաջարկությունների փաթեթը: Ըստ այնմ`առաջարկվել է.
- Այն մասին, թե որքանով և ինչ ֆորմուլայով կմեծանա, կխոսենք ավելի ուշ, նախատեսվում է ավելացնել բազմակի, միգուցե 5, 10 անգամ, սա ԱԺ ներկայացուցիչները քննարկել են կառավարության համապատասխան մարմինների հետ: Ինչ վերաբերում է կուսակցությունների՝ պետական շեմին հասնելու հարցին, առաջարկվում է 3 տոկոսի շեմը իջեցնել երկուսի կամ պայմանավորել ԱԺ անցնելու հնարավորության հետ:
- Նվիրատվությունների հետ կապված բավական լուրջ և համարձակ առաջարկություններ են տեղ գտել՝ առաջ ընկենելով միջազգային չափանիշներից: Առաջարկություններից մեկը եղել է այն, որ պետք է թույլատրվեն միայն ֆիզիկական անձանց կողմից, բացառվի իրավաբանական անձի նվիրատվությունը, նպատակը՝ մասնավոր շահերի ազդեցությունը նվազեցնել կուսակցությունների վրա:
- Նվիրատվությունների հետ կապված՝ պետք է բացառվեն բոլոր կանխիկ նվիրատվությունները և կատարվեն անկանխիկ, սա կբարձրացնի հաշվետվողականությունը, կուսակցության նկատմամբ վերահսկողական արդյունավետությունը, եղել է մտահոգություն, թե ինչպես ապահովենք, որ մասնակցային ժողովրդավարությունը բարձրանա, և քաղաքացիները փոքրիկ ներդրումներով մասնակցեն, տեխնիկական լուծումներ գտնվել են, կարող են արվել տեխնիկական այնպիսի միջոցների օգտագործմամբ, որ հաշվետվության պարամետրերը պահպանվեն:
- Պետք է կուսակցական ֆինանսներից բացառվի ձեռնարկատիրական գործունեության մասնակցել, ընդհանրապես բացառել զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի, միայն կարող է բացառություն լինել հրատարակչական և ԶԼՄ գործունեությունը:
- Ընտրարշավի ֆինանսների նկատմամբ վերահսկողության հարցի մասին. ըստ օրենքի` ֆունկցիան վերահսկիչ կազմակերպությանն է պատկանում, աշխատանքային խումբը գտել է, որ պետք է այս մարմինն ուժեղացվի, առաջարկությունների մեջ կարևոր մի առաջարկ, որ տեղ գտավ, որ որոշակի պահի այս ամբողջ վերահսկողական գործառույթը անհրաժեշտ է առանձնացնել ԿԸՀ-ից և տեղափոխել այլ մարմին, որպես այդպիսին՝ դիտարկել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: