ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր ներկայացրեց մի նախագիծ, ըստ որի՝ պետությունը կաջակցի երեխա ունեցող ընտանիքներին: Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը, ինչպես նաև երեխայի ծննդյան դեպքում թեթեւացնել վարկային բեռը, հնարավորություն տալ ծնողին համատեղել երեխայի խնամքն ու հիպոթեքային վարկի մարումը:
Ընտանիքների աջակցության երեք ծրագիր կա: Մարզային բնակավայրերում միանվագ բնակարանային աջակցություն բնակավայր ձեռք բերելու համար: Միանվագ աջակցությունը տրվում է մարզերում ապրողներին հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար: Միանվագ աջակցությունն ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը: Երկրորդ աջակցությունը կանխավճարի ապահովագրությունն է երիտասարդ ընտանիքներին եւ երրորդ ծրագիրը, երեխայի ծննդով պայմանավորված, աջակցել հիպոթեքային վարկի մարմանը: Պետական բյուջեից նախատեսվել է 526 մլն 760.000 դրամ:
Միանվագ աջակցությունը կտրամադրվի 245 շահառուի, կանխավճարի աջակցությունը՝ 540, երեխայի ծննդով պայմանավորված՝ 300 շահառուի:
Զարուհի Բաթոյանն ասաց, որ ծրագիրը վերաբերելու է այս տարվա հուլիսի մեկից հետո ձեռք բերվող գույքին, որը պետք է լինի 30 մլն դրամ: Եթե քաղաքացին ունի 2 երեխա, բնակարան է ձեռք բերում երկրորդային շուկայից, պետությունը տալիս է կանխավճարի 10 տոկոսը, իսկ առաջնային շուկայից՝ կանխավճարի 7.5 տոկոսը: Իսկ եթե երեխան ծնվել է այս տարվա հուլիսի մեկին, ու ընտանիքն ունի հիպոթեքային վարկ, որոշ մարում անում է պետությունը:
Ավելի մանրամասն տեղեկություն կներկայացնի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր կառավարության նիստում հարցրեց՝ արդյոք բնակարանաշինության այս ծրագիրը նաև զինծառայողների է վերաբերում: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ հատուկ ֆիլտրեր չկան: «Փորձում ենք երեխա չունենալու պատճառներից մեկի՝ բնակարան չունենալու հարցը լուծել»,- ասաց Ավինյանը:
Վարչապետն առաջարկեց նախագծին կողմ քվեարկել: