տուն Հասարակություն Մշակույթ Պետության ամեն քայլը կոտրում է քաղաքացուն. Էդգար Կոստանդյան

Պետության ամեն քայլը կոտրում է քաղաքացուն. Էդգար Կոստանդյան

143
0

504dc2dd852ef_medium

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սեպտեմբերին Պրահայում կայանալիք «Ինտերրայթ» միջազգային ամենամյա գրական փառատոնում Հայաստանը կներկայացնի գրող Էդգար Կոստանդյանը` «Որբանոց» վեպով: Araratnews.am-ը զրուցել է գրողի հետ մրցույթի և մի քանի այլ հարցերի շուրջ:

Ինտերրայթ» միջազգային գրական փառատոնում Հայաստանը ներկայացնելու եք Դուք՝ Ձեր «Որբանոց» վեպով, կասե՞ք՝ սպասված լուր էր Ձեզ համար, ի՞նչ կարող են տալ նման մրցույթները գրողին:

-Լուրը սպասված չէր, առաջարկը ստացել եմ ընդամենը երեք օր առաջ ու միանգամից համաձայնել: Անկեղծ ասած, ես աշխատում եմ մրցույթների չմասնակցել: Արդեն շատ վաղուց ոչ մի կոնկուրսում հնարավոր չի անունս գտնել: Սակայն Ինտերրայթը ցանկացած հեղինակի համար լուրջ քննություն է: Ես սրան չեմ վերաբերում որպես մրցույթ, սա ճանապարհ է, որի միջոցով կարող են ճանաչել քո երկրի հեղինակին, քո երկրի գրական կոլորիտը:

Տեղյա՞կ եք՝ ի՞նչ ժանրի ստեղծագործություններ են ներկայացված լինելու, մրցույթի մասնակիցների թվում կա՞ ինչոր հեղինակ, ում ստեղծագործությանը ծանոթ եք:

-Ինտերրայթը արձակ ստեղծագործողների մրցույթ է: Ներկայացված վեպերից բոլորը չեմ հասցնի կարդալ, շատ են:  Մի քանիսին ծանոթ եմ, ֆինն հեղինակ կա` Անյա Սնելման, նրան դեռ երեք տարի առաջ եմ կարդացել, ներկայացրած վեպն իմ կարդացած հարյուրավոր գրքերի մեջ ամենահզորներից է:

Որբանոցը» մեծ հնչեղություն ստացավ ու սիրվեց շատերի կողմից, ըստ Ձեզ՝ ո՞րն է վեպի հաջողության գլխավոր գրավականը:

-Որբանոցին հաջողություն բերեցին հերոսներս ու ընթերցողներս. ընթերցողներս հենց նույն հերոսներս են, ամեն մեկն իրեն գտնում է: Համենայն դեպս, ինձ այդպես են ասում:

Ձեր վեպում որբանոցն այն երկիրն է, որտեղ մենք ապրում ենք, իսկ վեպի հերոսներն էլ՝ որբանոցի բնակիչները: Հերոսները խմում էին որբանոցի կենացը ու հավատում որբանոցի վաղվա օրվան, բայց արդյունքում այնքան ճակատագրեր խորտակվեցին: Հայ մարդը, որը Հայաստանում այնքան մեծ դժվարությամբ է ապրում, գոյատևում, այս ամենից ի՞նչ հետևություններ անի:

-Իսկ էս ամեն ինչից հետո հայ մարդն ընդհանրապես ո՞վ ա, որ հետևություններ անի: Հայ մարդու փոխարեն արդեն հետևություններ արել են:

Հայաստանից արտագաղթողների և երևույթի հանդեպ Ձեր վերաբերմուքն ինչպիսի՞ն է, Ձեզ համար արդարացում ունե՞ն այն մարդիկ, ովքեր այսօր հեռանում են:

-Միանշանակ, ունեն: Չեմ ուզում էս զրույցը շատ պիսիմիստական ստացվի, բայց ամեն վատ բանի համար էս երկրում արդարացում կա: Իսկ ի՞նչ անի հայ մարդը: Ո՞նց ապրի: Ինչո՞վ ապրի: Պետության ամեն քայլը կոտրում է քաղաքացուն, ես էդ քաղաքացուն չեմ կարող մեղադրել: Մի քանի տարի առաջ գուցե կարող էի…

Էդգա՛ր, ինքներդ որևէ ելք տեսնո՞ւմ եք, որի միջոցով հնարավոր է կանխել արտագաղթը, ինչպես նաև ձերբազատվել երկրում առկա մի շարք արատավոր երևույթներից:

-Երկրում չկան մի շարք արատավոր երևույթներ, երկրում կա ընդամենը երկու-երեք արատավոր երևույթ: Որ դրանցից ազատվենք, մնացածը ինքնըստինքյան կստացվի:

Ի՞նչ է Ձեզ համար հայրենիքը:

-Էդ տերմինն ինձ համար չափից ավելի սահմանափակ է դարձել: Հայրենիքն էն քիչ մարդիկ են, ովքեր հայրենիքում են մնացել, հայրենիքն իմ ընկերներն են, որոնց խելագարի պես սիրում եմ, հայրենիքն իմ կյանքն է, որով ապրում եմ, հայրենիքն իմ երեք տարեկան աղջիկն է… Էստեղ վերջանում է իմ հայրենիքը, ցավոք…

Շողիկ Գալստյան