ՊԵԿ նախաձեռնությամբ տարեկան 500 և ավել միլիոն տարեկան շրջանառություն ունեցող ձեռնարկությունները պետք է ձեռք բերեին ՊԵԿ-ի ներկրած հաշվիչ դրամարկղային մեքենաները, որոնք ինտերնետ կապի միջոցով ուղղակիորեն միացված կլինեին ՊԵԿ ընդհանուր ցանցին` դրանով ապահովելով ՊԵԿ-ի համար առավել թափանցիկ գործունեություն: Սակայն պարզվում է, որ այս նախաձեռնությունը փոփոխությունների է ենթարկվել և ՊԵԿ-ի տրամադրած ՀԴՄ-ները պետք է օգտագործեն նաև տարեկան 70 և ավել միլիոն շրջանառություն ունեցող ձեռնարկատերերը: Սա բավական լուրջ անհանգստություն է առաջացրել մանր և միջին բիզնեսով զբաղվող գործարարների շրջանում, քանի որ սովորական ՀԴՄ-ների շուկայական արժեքը կազմում է մոտ 50 000 դրամ, իսկ ՊԵԿ-ը պարտադրում է ՀԴՄ-ներ 369 հազար դրամով: Այս կապացությամբ araratnews.am-ը զրուցեց գործարար Գառնիկ Սահակյանի հետ: «Սա պարզապես պետական ռեկետ է, այլ բան ես չեմ կարող ասել, լրիվ անհասկանալի է, թե ինչպես կարող է ՀԴՄ-ն նման գին ունենալ, վերջիվերջո իմ օրինակով կարող եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ ամսական 8-9 միլիոն շրջանառություն ունեցող բիզնեսի ամսական եկամուտը կազմում է մոտ 1000 դոլար, այսինքն ՊԵԿ առաջարկած, իսկ ավելի ճիշտ պարտադրած ՀԴՄ-ի արժեքի չափ: Ես պաշտոնական տեղեկատվության չեմ տիրապետում, սակայն շատ են խոսակցությունները այն մասին, որ տվյալ մեքենաները ներկրվել են ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, և այժմ այսկերպ փորձ է արվում դրանք իրացնել հարկատուների հաշվին : ՊԵԿ-ը նշում է, որ դրանք ձեռք են բերվել 240 հազար դրամով, սակայն վաճառվում են 369 հազարով, որպեսզի հավելյալ գումարով սուբսիդավորվի մանր և միջին բիզնեսը: Սա ևս հերթկան աբսուրդն է, քանի որ 80-100 միլիոն տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսը անգամ միջին բիզնես չի կարելի համարել, բայց, այնուամենայնիվ, մեր վզին փաթաթում են այդ ՀԴՄ-ները մոտ հազար դոլար արժեքով, որպեսզի մեզ սուբսիդավորեն»,- նշեց մեր զրուցակիցը: Գործարարի խոսքերով տպավորությունն այնպիսին է, որ առաջիկայում արդեն արևածաղիկ վաճառողներին էլ կստիպեն այդօրինակ սարքեր ձեռք բերել: Եզրափակելով, Գառնիկ Սահակյանը նշեց. «Անգամ ՀԴՄ-ների համար նախատեսված թուղթը մենք նախկինում ձեռք էինք բերում 120 դրամով, իսկ ներկայումս, չնայած նրան, որ թղթի ծավալը փոքրանում է, նրա արժեքը 400 դրամից ավելի է, այս կապակցությամբ էլ հաճախ նշվում է, որը թուղթը ներկրվում է ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով, այս պայմաններում աբսուրդ է անգամ խոսել ազատ շուկայական հարաբերություններից, սա պետական ռեկետ է ուրիշ բա չեմ կարող ասել: Ինձ համար անհասկանալի է, էս երկրում նախագահ կամ վարչապետ չկա՞, նրանք չե՞ն տեսնում ինչ է կատարվում, վերջիվերջո բոլորիս համար էլ պարզ է , թե ովքեր են զբաղվում ստվերային տնտեսությամբ և ցանկության դեպքում դաշտը կարելի է կարգավորել և ոչ թե հանդես գալ նորամուծություններով, որոնք գալիս են վնասելու մանր ու միջին բիզնեսին»: