տուն Քաղաքական Վերլուծական Պետական հեղաշրջումից դեպի պետական դավաճանություն

Պետական հեղաշրջումից դեպի պետական դավաճանություն

300
0

qochhhh

Ասում են բարիկադների վրա գտնվողներին չեն հարվածում: Հենց այս տրամաբանությամբ ցանկացած քննադատական խոսք, որն ուղղված է հայաստանյան ընդդիմությանը, ընկալվում և ներկայացում է որպես իշխանության պատվեր կամ վարձու գրչակի մտքի թռիչք: Նկատի ունենալով այս` այնուամենայնիվ փորձենք սեպտեմբերի 3-ին կատարված հակապետական քայլին նայել այլ տեսանկյունից:

Այն, որ Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունից հետո մենք հայտնվել ենք բոլորովին այլ իրողության մեջ՝ կասկած չի հարուցում: Սրան գումարվեց նաև երեկ Մինսկում ստորագրված հուշագիրն ու Մաքսային միություն մտնելու որոշման նախագիծը, որը, բնականաբար, սեպտեմբերի երեքի տրամաբանական շարունակությունն էր: Ինչ խոսք, Սերժ Սարգսյանն ու իր վարչախումբը լիովին բռնել են հակապետական ուղի, որի վերջնական արդյունքը Հայաստանի ինքնիշխանության և ինքնավարության կորուստն է: Վարչախմբի կողմից դեպի Մաքսային միություն արված ցանկացած քայլ ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետության  հետագա զարգացման ու առաջընթացի առաջնային գրավականը առկա իշխանությունների` ներառյալ ԱԺ-ն և դատական համակարգը, լիարժեք մեկուսացումն ու հեռացումն է երկրի կառավարման բոլոր լծակներից: Այսպիսի հեռանկար, ցավոք, դեռևս չի գծագրվում:

Չնայած այն փաստին, որ Հայաստանի ենթադրվող գործընկերներ Բելառուսի և Ղազախստանի նախագահները արդեն հայտարարություններ են անում Հայաստանի այստեղ կամ այնտեղ մտնելու մասին, հայաստանյան իշխանությունները բարեհոգաբար լռում են և շարունակում իրենց ծառայամիտ կեցվածքով նվաստացնել մի ամբողջ պետություն: Սա վկայում է այն մասին, որ  Սերժ Սարգսյանն արդեն ոչ թե մաս-մաս, այլ հսկայական քայլերով զիջում է Հայաստանի ինքնիշխանությունը: Բանը հասել է նրան, որ այլ պետությունների ղեկավարները գրեթե ծաղրական արտահայտություններ են թույլ տալիս Հայաստանի հասցեին, ընդ որում՝ այն պետությունների ղեկավարները, որոնք ժողովրդավարության տեսանկյունից  Հայաստանից  շատ ավելի վատ վիճակում են:Այս ամենի մասին կարելի է շատ երկար խոսել կամ այլևս ընդհանրապես չխոսել, քանզի ամեն ինչ շատ պարզ է:

Փորձենք անդրադառնալ հայաստանյան ընդդիմությանը: Սեպտեմբերի  3-ի հայտնի հայտարարության առաջին արձագանքները հույս առաջացրին, որ ընդդիմադիր դաշտում կարծես թե սկսվելու են խմորումներ, ստեղծվելու է որոշակի միասնական ճակատ, քանի որ ընդդիմադիր գրեթե բոլոր ուժերը իրենց հայտարարություններում դատապարտեցին Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի որոշումը: Սակայն, ինչպես ցույց է տալիս վերջերս տարածված պրակտիկան, ամպագոռգոռ հայտարարություններից այն կողմ ընդդիմադիր դաշտում որևէ   կառուցողական քայլ չկատարվեց:

Համոզված կարող ենք ասել, որ սա այն դեպքն էր, երբ ցանկացած նեղ կուսակցական, անձնական կամ որևէ այլ շահ պետք է ստորադասվեր, քանի որ խաղադրույք էր կատարվել Հայաստանի անկախության վրա: Ավելին, շուրջ երեք տարի Եվրոպայի հետ ընթացող բանակցություններում որևէ ընդդիմադիր ուժ բացահայտ կամ թեկուզ և քողարկված կերպով չնշեց, որ հանուն Հայաստանի Հանրապետության զարգացման ժողովրդավարական ճանապարհի կսատարի անգամ, որքան էլ դա աբսուրդ հնչի,  Սերժ Սարգսյանին: Ցավոք, հայաստանյան ընդդիմադիր բոլոր ուժերը կրավորական կեցվածքով սպասեցին դեպքերի հետագա զարգացմանը: Տպավորությունն այնպիսին էր, որ մեր ընդդիմությունը կողմ է եվրոպական ինտեգրմանը, սակայն Մաքսային միության հեռանկարն էլ առանձնապես սարսափելի չէ, մանավանդ որ, նման պարագայում արդեն կարելի է որոշակի քաղաքական դիվիդենտներ շահել` կտրուկ և «ոչնչացնող» քաղաքական հայտարարություններ անելով, որոնց  որևէ գործնական քայլ չէր հետևելու:  Հենց սրան էլ ականատես եղանք սեպտեմբերի երեքից հետո մինչ օրս: Ինչու մենք հայտնվեցինք այստեղ: Ամենայն հավանականությամբ, 1998-ի պետական հեղաշրջումը, Հոկտեմբերի 27-ը, Քոչարյանի հեղինակած ապազգային «գույք պարտքի դիմաց»-ն ու հետագա գրեթե բոլոր նախաձեռնությունները և վերջապես 2008-ի Մարտի 1-ը դարձան այն սյուները, որոնց վրա կառուցվեց ներկայիս քրեաօլիգարխիկ համակարգը:  Մարտի 1-ին քոչարյանա-սերժական վարչախումբը սպանեց ոչ թե տասը հոգու , այլ հարյուր հազարավորների՝ փոփոխության ու ամեն ինչ շտկելու հույսը և հայաստանյան ընդդիմությանը, որը մինչ օրս չի կարողանում ոտքի կանգնել:

Աղասի Մարգարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here