ԱԺ քառօրյայի աշխատանքներն ամփոփել եւ լրագրողների որոշ հարցերի են պատասխանել ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ու խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը: Նրանք նախ խոսել են քառօրյայի ընթացքում քննարկված եւ խիստ քննադատության արժանացած «Պետական աշխատողների աշխատավարձերի մասին» նախագծին՝ կարծիք հայտնելով, որ նման նախագիծ խորհրդարան բերելը առնվազն անբարոյականություն է: ԲՀԿ-ական պատգամավորներն անթույլատրելի են համարում նաեւ իշխող ուժի ներկայացուցիչների այն տեսակետները, թե բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը պետության իմիջով է պայմանավորված: «Ես չեմ կարծում, որ պետական իմիջը պայմանավորված է պատգամավորների աշխատավարձերի բարձրացմամբ, երկրի իմիջը ձեւավորում են այն հազարավոր քաղաքացիները, ովքեր բառիս բուն իմաստով հացի խնդիր ունեն, նրանք, ովքեր չեն կարողանում լուծել իրենց սոցիալական հիմնախնդիրները, հաշմանդամություն ունեցող քաղաքացիներն ու մանկավարժները, ովքեր ստանում են չնչին աշխատավարձ»,- ասել է ԲՀԿ-ական Վահե Հովհաննիսյանը:
Անդրադառնալով ՕԵԿ եւ ԲՀԿ ղեկավարների միջեւ տեղի ունեցած վեճին եւ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է այն հանգուցալուծվելու, Ն. Զոհրաբյանն ասել է. «Վստահ եմ, որ Օլիմպիական կոմիտեն հստակ պարզաբանմամբ հանդես կգա, եւ բոլորդ ձեզ հուզող պատասխանները կստանանք»:
Էմմա Պալյան