Երկուշաբթի օրը Պենտագոնը հաստատել է, որ նախորդ շաբաթ հակաահաբեկչական օպերացիա է կազմակերպվել Սոմալիի տարածքում «Ալ-Շաբաբ» խմբավորման դեմ, սակայն իր նպատակին չի հասել։ Այս մասին հաղորդում է Ria-Novosti գործակալությունը։
«Ուրբաթ ուշ երեկոյան ԱՄՆ զինվորականներն իրականացրել են հատուկ օպերացիա Աբդիքադիր Մոհամեդ Աբդիքադիրի դեմ, որ ավելի հայտնի է որպես «Իքրիմա»։ Նպատակը Իքրիմայի ձերբակալությունն էր։ Թեպետ օպերացիան չի ավարտվել նրա ձերբակալությամբ, այդուհանդերձ ԱՄՆ զինվորականներն այն իրականացրել են մեծ ճշգրտությամբ և ցույց տվել, որ ԱՄՆ-ն ցանկացած պահի կարող է ճնշում գործադրել «Ալ-Շաբաբի» վրա», — ասել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջորջ Լիթլը։
Տեղեկացնենք, որ «Ալ-Շաբաբը» պատասխանատու է Աֆրիկայում իրականացված մի քանի տասնյակ հարձակումների համար, որոնցից ամենահայտնին Քենիայի մայրաքաղաքում անցած ամիս տեղի ունեցած ահաբեկչությունն էր, որի հետևանքով զոհվել էր 67 մարդ։