տուն Լուրեր ՊԵԿ-ը Araratnews.am լրատվական կայքի` «Վարչապետի հանձնարարականը չի կատարվել. ներդրողի բողոքը» հոդվածի մասին...

ՊԵԿ-ը Araratnews.am լրատվական կայքի` «Վարչապետի հանձնարարականը չի կատարվել. ներդրողի բողոքը» հոդվածի մասին . պարզաբանում

191
0

Պետական եկամուտների կոմիտեն Araratnews.am լրատվական կայքի` «Վարչապետի հանձնարարականը չի կատարվել. ներդրողի բողոքը» վերնագրով հրապարակման վերաբերյալ անհրաժեշտ է համարում հայտնել, որ հոդվածում առկա են անճշտություններ, որոնք թյուրըմբռնում են առաջացնում: Մասնավորապես` զբոսաշրջային ընկերության հիմնադրի պնդմամբ իր կողմից Հայաստան ներմուծված փոխադրամիջոցները, որոնք մաքսային ծառայությունը պահանջել է հեծանիվի կոդով մաքսազերծել, հեծանիվ չեն: Մինչդեռ իրականում «Կոն Տիկի Տուր» ՍՊԸ կողմից 2018 թվականին ՀՀ է ներմուծվել քառանիվ 3 հեծանիվ, ընդ որում, «քառանիվ հեծանիվ ձևակերպումը նշված է նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ուղղված «Կոն Տիկի Տուր» ՍՊԸ դիմումում։

Հարկ է նշել, որ տվյալ ապրանքները «Ներքին սպառման համար բացթողում» մաք­սային ընթա­ցա­կար­­­գով ձևակերպելու դեպքում առաջանում են հետևյալ մաքսային վճարները. մաքսատուրք` համաձայն ԵՏՀ խորհրդի 16.07.2012թ, N 54 որոշման, ԱԱՀ` համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի, պետական տուրք (մաքսավճար)` համաձայն «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի: Ընդ որում, երկանիվ հեծանիվները և առանց շարժիչի այլ հեծանիվները դասակարգվում են ԱՏԳ ԱԱ 8712 ապրանքային դիրքում, որոնց համար սահմանված է մաքսատուրքի 10% դրույքաչափ։ Ըստ այդմ, «Կոն Տիկի Տուր» ՍՊԸ կողմից փոխադրամիջոցների ներկրման դիմաց առաջանում են մաքսային վճարներ` ըստ վերոնշյալ դրույքաչափերի:

Պնդումը, որ վարչապետի` պատկան մարմիններին տրված հանձնարարականից հետո «մինչ օրս, սակայն, որևէ պատասխան չկա», սխալ է առնվազն ՀՀ պետական եկամուտների կոմիտեին առնչվող մասով: Վստահեցնում ենք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն սահմանված ժամկետներում արձագանքել է Անդրանիկ Պետրոսյանի կողմից կոմիտեին ուղղված բոլոր դիմումներին: Դա փաստել է հենց Անդրանիկ Պետրոսյանը` ՀՀ վարչապետին ուղղված իր նամակներից մեկում շնորհակալություն հայտնելով ՊԵԿ-ին` արագ արձագանքելու և քննարկում կազմակերպելու համար։ Ավելին` «Կոն Տիկի Տուր» ՍՊԸ կողմից ՀՀ վարչապետին ուղղված հերթական դիմումի մեջ ևս նշված է, որ ՀՀ վարչապետի երկու հանձնարարականներից հետո ընկերությունը պատասխան է ստացել ՀՀ ՊԵԿ-ի և էկոնոմիկայի նախարարության կողմից։

Հավելենք, որ խնդրի լուծման շրջանակում մաքսային ծառայությունը կատարել է օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն զբոսաշրջային ընկերությանը մանրամասն բացատրել է այն ընթացակարգերը, որոնք կարող են կիրառվել, և դրանցից բխող պարտավորությունները: Հայտնում ենք նաև, որ մաքսային վճարների արտոնություններ կարող են կիրառվել միայն Եվրասիական տնտեսական միության և ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընդհանուր պայմանների պահպանման պարա­գայում։

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին