Այսօր Ազգային Ժողովի նիստին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարց ուղղեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին, թե որքա՞ն է կազմում ստվերային շրջանառությունը Հայաստանում:
«Ինչու՞ որոշեցիք հիմա անցկացնել որոշ ապրանքատեսակների համար այդ դրոշմապիտակներըˋ որպես ստվերի դեմ պայքարի մի գործիք: Եթե դուք մասնակիորեն եք կիրառում, ի՞նչ վնասներ է կրելու բյուջեն եւ ինչո՞վ ենք մենք շահելու դա կիրառելով: Կա՞ն արդյոք այլ գործիքներ, որ կարելի է կիրառել: Որովհետև փոքր պետություններում նման բան չկա, որ ուզեն ստվերային տնտեսությունը վերացնեն ու չանեն»,-ասաց Մելքումյանը:
Ի պատասխանˋ Վախթանգ Միրումյանը ասաց, որ ինչքան շուտ, այնքան ավելի ադյունավետ և պետության համար օգտակար է սկսել ստվերային տնտեսության նվազման դեմ գործիքների կիրառումը:
«Այս օրինագիծը մշակվել է անցած տարի, եւ իրադարձությունները այնպես դասավորվեցին, որ քննարկման հասավ հիմա: Մենք ստվերային շրջանառության գնահատում չենք անցկացնում, այլ հետևողական աշխատանքներ ենք տանում դրա կրճատման, նվազման ուղղությամբ»,- ասում է Միրումյանը:
Միքայել Մելքումյանը արձագանքման համար նշեց, որ իրեն չի բավարարում Միրումյանի պատասխանը եւ նա կրկին պահանջեց հայտնել իրեն, թե ինչքա՞ն է կազմում ստվերային շրջանառությունը Հայաստանում:
«Եվ եթե ուշացրել եք, բյուջեն ինչքան է վնաս կրել ու ինչքանով է շահելու»:
Միրումյանը կրկին պատասխանեց, որ ՊԵԿ-ը չի իրականացնում ստվերի գնահատում:
«Բայց մենք իհարկե չենք կարող ասել, որ ՀՀ-ում ստվեր չկա, ու դրա համար մեր գործողությունները ուղղված են ստվերի նվազեցմանը»,-եզրափակեց Միրումյանը: