տուն Տնտեսական ՊԵԿ-ը հրապարակել է խոշոր հարկատուների 2014-ի հունվար-մարտի ցուցակը

ՊԵԿ-ը հրապարակել է խոշոր հարկատուների 2014-ի հունվար-մարտի ցուցակը

201
0

ՊԵԿ

Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի (հունվար-մարտ ամիսների) խոշոր հարկատուների ցուցակը, որը գլխավորում են «Գազպրոմ Արմենիան», «Ալեքս Գրիգն» ու «ԱրմենՏելը»: Չորրոդ տեղում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, հինգերորդում` վառելիք ներմուծող «Ֆլեշը», վեցերորդում`դարձյալ վառելիք ներմուծող «Սիփիէս օյլ քորփորեյշնը»: Այնուհետև գալիս են «ՏրանսԳազը», «Հայաստանի էլեկտրական ցանցերը», «Գրանդ-Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը, տասնյակը եզրափակում է «Օրանժ Արմենիան»:

«Գազպրոմ Արմենիան» վճարել է ավելի քան 17 միլիարդ 738 միլիոն դրամ հարկեր, որի հիմնական մասը` 16.4 միլիարդը, ավելացված արժեքի հարկն է (ԱԱՀ): Ընդունված է համարել, որ ԱԱՀ-ն վճարողը սպառողներն են, քանի որ ԱԱՀ-ն համարվում է անուղղակի հարկ: «Ալեքս Գրիգը» վճարել է մոտ 5 միլիարդ դրամի հարկեր, որոնցից  4 միլիարդը ԱԱՀ-ն է: Իսկ «ԱրմենՏելը», Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, «Հայաստանի էլեկտրական ցանցերը», «Գրանտ-տոբակո հայ-կանադական» համատեղ ձեռնարկությունը և «Օրանժ Արմենիան» ավելի շատ ուղղակի (եկամտային հարկ, շահութահարկ) հարկեր են վճարել, քան թե անուղղակի (ԱԱՀ, ակցիզային հարկ):

Ընդհանուր առմամբ, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ խոշոր հարկ վճարողների ցանկի առաջին տասնյակը գրեթե անփոփոխ է մնացել: Անցած տարի ևս «ՀայՌուսգազարդն» էր առաջին հորիզոնականում (այն ժամանակ «Գազպրում Արմենիան» այդպես էր կոչվում), երկրորդում` «Ալեքս Գրիգը»: Ցուցակի տասնյակից այս տարի դուրս է մնացել «Ղ-Տելեկոմը»: