ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել՝ կապված մամուլի հրապարակման հետ, ըստ որի` գաղտնալսել են ՊԵԿ երկու աշխատակիցների և հեռացրել աշխատանքից:
Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ աշխատանքից ազատված անձինք հանդիսացել են Արարատյան մաքսատուն-վարչության պետ և պետի տեղակալ, այնինչ, իրականում՝ նրանք պաշտոնավարել են տարբեր ստորաբաժանումներում:
Սեփական դիմումների համաձայն մաքսային ծառայությունից ազատված Զոհրաբ Ավետիսյանը զբաղեցրել է Արեւմտյան մաքսատուն-վարչության պետի տեղակալի, իսկ Գեղամ Սարմազյանը՝ Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալի պաշտոնը: Գեղամ Սարմազյանը համակարգի հնաբնակներից է, աշխատանքային գործունեությունը սկսել է տեսուչից, այնուհետեւ երկար տարիներ զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ:
Միաժամանակ հայտնում ենք, որ նշված անձանց հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու և աշխատանքից ազատվելու հրամանը չեղյալ համարելու վերաբերյալ թերթի տվյալները ևս չեն համապատասխանում իրականությանը: Սեփական դիմումի համաձայն՝ վերջիններիս ազատման հրամաններն արդեն ստորագրված են ՊԵԿ նախագահի կողմից»: