«Ֆուտբոլի արքա» Պելեն հետաձգել է իր այցը Վրաստան, որը պլանավորված էր 2013 թ. հոկտեմբերի վերջին: Այս մասին հայտնել է Կուլտուրայի, սպորտի, տուրիզմի և գործարար հարաբերությունների միջազգային հիմնադրամի նախագահ Նիկա Պատարկալիշվիլին:
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստը մտադիր էր այցելել Վրաստան` կապված Վրաստանի, Արգենտինայի, Բրազիլիայի ու Ուրուգվայի երիտասարդական հավաքականների մրցաշարի հետ: Սկզբում նախատեսվում էր, որ այդ մրցաշարը կանցկացվի Թբիլիսիում, հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում, սակայն հետաձգվել է և կանցկացվի ավելի ուշ:
Պատարկալիշվիլու խոսքերով` մրցաշարը, որը նվիրված կլինի համաշխարհային ֆուտբոլի 150-ամյակին և վրացական ֆուտբոլի 115-ամյակին, «հետաձգվել է այն պատճառով, որ դեռ չեն լուծվել կազմակերպչական որոշ հարցեր»:
«Կապված դրա հետ` բնականաբար, հետաձգվել է նաև Պելեի այցը»,- նշել է Պատարկալիշվիլին:
Մրցաշարի անցկացման նոր ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ:
Աղբյուր` Panorama.am