Այսօր Աժ-ում քննարկվում է Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրենքի նախագիծը:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ելույթ ունենալով օրենքի նախագծի վերաբերյալ, ասաց.
«Առաջին փոփոխությունն այն է, որ օրենքի 76-րդ հոդվածը ուժը կորցրած է ճանաչվում: Սա նշանակում է, որ որևէ պատասխանատվություն չի կարող լինել այն գործատուների համար, որոնք չեն փոխանցել որևէ գումար իրենց աշխատակիցների աշխատավարձից: Հաջորդը՝ այս նախագծով արտահայտվում է քաղաքացիների կամարտահայտությունը. եթե քաղաքացին համաձայն չէ, որ փոխանցումներ կատարվեն, նա գրում է դիմում, որ այլևս չփոխանցվի: Օրինագծի դրական հատկանիշներից մեկն էլ այն է, որ որևէ ենթաօրենսդրական ակտ չի գործելու քաղաքացու դիմումի հետ կապված»:
Պատգամավորն այն համոզման է, որ օրենքի նախագիծը կրկին ենթադրում է, որ քաղաքացին որևէ պարտավորություն չունի, որևէ բան պարտադիր լինել չի կարող:
« Կարևոր է նաև այն դրույթը, որ այս օրենքը հետադարձ ուժ է ստանում: Այն գործատուները, որոնք պահել են աշխատակիցների աշխատավարձերից՝ սկսած 2014թ. հունվարի 1-ից, կարող են հետ վերադարձնել: Այսինքն՝ պարտադիր բաղադրիչը չկա, պարտադիր կուտակային համակարգը չկա: Բացի այդ՝ ՍԴ որոշման համաձայն՝ որևէ նոր որոշում կամ օրենքի վերափոխում չի կարող լինել Սահմանադրությանը հակասող: Սա սկզբունքային նշանակություն ունի, և այս քայլը մենք համարում ենք առաջընթաց»,- ասում է պատգամավորը:
Հաջորդ կարևոր հարցն, ըստ Արծվիկ Մինասյանի, քննարկումների փուլում միջազգային կազմակերպությունների դիրքորոշումն է. Համաշխարհային բանկ և Արժույթի միջազգային հիմնադրամ:
«Եղել են ժամանակներ, երբ մեր պետությունը ստիպված է եղել շարժվել այդ կառույցների թելադրանքով, բայց սա այդ դեպքը չէ: Որևէ ճնշում նրանց կողմից պետք է հակահարված ստանա»,- եզրափակեց պատգամավորը: