1920 թվականների սև-սպիտակ լուսանկարներում պատկերված է Լիբանանի փախստականների ճամբարում հայ որբերի կողմից գործված և նախագահ Քելվին Քուլիջին որպես նվեր ուղարկված գորգի գեղեցկությունը: Բայց եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չփոխի միտքը, ինչպես որ խորհուրդ է տրվում Սպիտակ տան էջում տեղադրված դիմումում, ամերիկացիները չեն տեսնի այդ գորգը, և ոչ էլ կիմանան այն գործած երեխաների պատմությունը, գրում է ամերիկյան The Huffington Post պարբերականը:
Որբերը, որոնք իրար միացնելով միլիոնավոր հանգույցներ, բրդե թելերից ստացել են կենդանիների և բույսերի եդեմական պատկերներ, եղել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ցեղասպանությունից փրկված երեխաները: Մեկ սենյակի մեծությամբ գորգը երախտագիտության նշան էր՝ ուղղված ԱՄՆ-ի ժողովրդին պատերազմի դաժանություններից տուժած հազարավոր երեխաներին և չափահասներին հասցված մարդասիրական օգնության համար: Այդ օգնության մեծ մասը եկել է «Մերձավոր Արևելքի օգնություն» կազմակերպությունից, որն արտոնված էր ԱՄՆ Կոնգրեսի կողմից և միաժամանակ հագուստով ու խնամքով էր ապահովում Մերձավոր Արևելքում, Հունաստանում և Հայաստանում հարյուրհազարավոր որբերի: Այդ օգնության շնորհով որբերը ողջ են մնացել , ապահովվել կրթությամբ և խնամքով:
Գորգը, որը պահվում է Սպիտակ տան պահեստում, ավելի վաղ հայտագրվել էր այն իրերի ցուցակում, որոնք դեկտեմբերին պետք է ցուցադրվեին Սմիթսոնի թանգարանում: Այնուամենայնիվ, կարծես թե այժմ այդ ծրագիրը դեմ է առել ժամանակակից Մերձավոր Արևելքի քաղաքականությանը: Թուրքիայի կառավարությունը, ի հեճուկս պատմաբանների մի ստվար զանգվածի կարծիքին, հերքում է, որ զանգվածային սպանությունները և աքսորը, որոնք որբացրել են գորգագործ երեխաներին, Ցեղասպանություն էր:
Ամեն տարի Թուրքիան ուժեղ դիվանագիտական ճնշում է գործադրում՝ հետ պահելով Միացյալ Նահանգներին Ցեղասպանության ճանաչումից: Հենց Թուրքիային նեղացնելու վախն էլ կարող է լինել պատճառը, որ Սպիտակ տունը հրաժարվել է ցուցադրել գորգը թանգարանում: Գորգը ավելին է, քան պարզապես Ցեղասպանության ապացույց. այն նաև ամերիկացների հսկայական բարեգթության խորհրդանիշն է, որը ցուցաբերվել է Մերձավոր Արևելքի երեխաներին, գրում է պարբերականը: Դա արվեստի հիանալի գործ է, և միաժամանակ հստակ կերպով հիշեցնում է, որ կար ժամանակ, երբ Ամերիկայի և Մերձավոր Արևելքի հարաբերություններն ուրիշ էին և կառուցվում էին կրթության, մարդասիրական օգնության և համագործակցության վրա:
Այսօր, երբ միլիոնավոր երեխաներ տառապում են Սիրայում պատերազմի պատճառով, մենք իրավունք ունենք հիշելու այդ պատմությունը և պարտավորություն՝ վերածնելու գթասրտության մեր ավանդույթները,- եզրափակում է պարբերականը: