Պարետի որոշմամբ՝ սահմանվել է արտակարգ դրության ժամանակ կորոնավիրուսից մահացած անձանց դիակների տեղափոխման և հուղարկավորման կանոնները։
Համաձայն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 5.1 մասի՝ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված ախտորոշմամբ անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չեն իրականացվում։
Փոխարենը՝ գործում են հետևյալ կանոնները՝
1. Պացիենտի՝ Կորոնավիրուսային վարակով պայմանավորված մահվան դեպքում դիակը ծածկվում է սավանով և տեղափոխվում դիակի համար նախատեսված անջրանցիկ պարկ (այսուհետ` պարկ), դաստակին փակցվում է նույնականացման տեղեկություն պարունակող նշան, այնուհետև պարկը պինդ կապվում է սկզբից մինչև վերջ կայծակ ճարմանդի միջոցով այնպես, որ բացառվի դիակից հեղուկի արտահոսքի հնարավորությունը: Դիակի նույնականացման տեղեկությունը (դաստակին փակցվածի նման) փակցվում է նաև դիակի համար նախատեսված պարկի վրա:
2. Պահպանելով անհատական պաշտպանության անհրաժեշտ միջոցները՝ պարկով դիակը դիատարով տեղափոխվում է բժշկական հաստատության դիակի ժամանակավոր պահման վայր, որտեղ դրսից փակցվում է վարակիչ վտանգի մասին մատնանշող միջազգային խորհրդանիշ:
3. Դիակի ժամանակավոր պահման վայրում ախտահանվում է պարկի արտաքին մակերևույթը: Դագաղի ներսը ևս ախտահանվում է քլոր պարունակող ախտահանիչներով:
4. Մահվան մասին բժշկական վկայականը հանգուցյալի հարազատին տրամադրելուց հետո դիակը հարազատին է հանձնվում փակ դագաղով:
5. Դիակը հարազատին հանձնելուց հետո դիակի ժամանակավոր պահման վայրը ամբողջությամբ ախտահանվում է:
6. Դիակի տեղափոխումը իրականացվում է դագաղով, որում դիակը շարունակում է մնալ պարկի մեջ: Դագաղն արգելվում է բացել տեղափոխման և հուղարկավորության ցանկացած փուլում:
7. Դիակը տեղափոխող տրանսպորտային միջոցն ախտահանվում է:
8. Հանգուցյալին անհրաժեշտ է հնարավորինս շուտ հուղարկավորել (48-72 ժամից ոչ ավել) և խուսափել բազմամարդ հոգեհանգիստներից:
Պարետի որոշումը՝ այստեղ։