Համաշխարհային բանկի (ՀԲ) մասնագետները հետազոտել են, թե համադրելի երկրների համեմատ Հայաստանում պարենամթերքի գները ավելի թա՞նկ են, էժա՞ն են, թե՞ նույնն են: Ընդ որում, հաշվի են առնվել`
ա. տնտեսության չափերը,
բ. այն, որ Հայաստանը երկու կողմից շրջափակված է, ու տրանսպորտային ծախսերն ավելի մեծ են ու ժամանակատար,
գ. հարկերը:
Պարզվել է, որ բոլոր այդ գործոնները հաշվի առնելու դեպքում անգամ Հայաստանում պարենամթերքի գները, մեզ նման տնտեսությամբ երկրների համեմատ, միջինում 17%-ով բարձր են:
«Գնային տարբերությունը կախված է ապրանքատեսակից, ընդ որում` որոշ ապրանքների գներն ավելի բարձր են, իսկ մյուսներինը` համեմատաբար ավելի ցածր»,- եզրակացրել են ՀԲ մասնագետները: Նրանց վերլուծությունը ցույց է տվել, որ համադրելի երկրների համեմատ՝ Հայաստանում նշանակալի բարձր են հացի (36%-ով), կարագի (23%-ով), ձվի (25%-ով), կաթի (33%-ով), տարեկանի հացի (45%-ով) և այլ ապրանքատեսակների գները: 9%-ով ցածր են շաքարավազի գները: Արևածաղիկի յուղի, տավարի մսի և մակարոնեղենի գները Հայաստանում վիճակագրական առումով չեն տարբերվում ԱՊՀ այլ երկրների գներից (հաշվի առնելով տնտեսության չափերը, ներմուծման ծախսերը, հարկերի տարբերությունները):
Շարունակելով վերլուծությունը` մասնագետները նկատել են, որ օրինակ, հացի թանկ գինը պայմանավորված է ալյուրի բարձր գնով, իսկ այլուրի շուկայում մրցակցությունը սահմանափակ է: Քիչ թվով ընկերություններ ծածկում են շուկայի զգալի մասը և թելադրող են: Շատ սահմանափակ է մրցակցությունը նաև ներկրվող մեծեծավալ բեռների ցամաքային փոխադրումների ոլորտում:
Այսպիսով, անգամ հաշվի առնելով շրջափակումներն ու հարկերի տարբերությունները` մասնագետների հաշվարկները ցույց են տալիս, որ պարենամթերքների գները Հյաստանում միջինում ավելի բարձր են, քան մեզ նման այլ երկրներում` մոնոպոլիաների առկայության և շուկաներում սահմանափակ մրցակցության պատճառով:
Հայկ Մանուկյան