Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրում է․
«ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՍՏԱՆՁՆԵԼ ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԴՈՒՍՏՐԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնը ստանձնելու պահից մշտապես խնդիրներ, հակասություններ և բանավեճեր եմ ունեցել՝
— Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ (այդ թվում՝ փաստաբանների ցուցակը նախարարության կողմից վարելու նախաձեռնության հետ կապված (2013թ.)՝
— Սահմանադրության փոփոխությունների աշխատանքային խմբի անդամ Հրայր Թովմասյանի հետ (ի թիվս այլ առաջարկների, առաջարկվել էր նաև ԲԴԽ անդամների կազմում մեծամասնություն սահմանել դատական իշխանության համար (2015թ.)՝
— Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի հետ (այդ թվում՝ փաստաբանների նկատմամբ դատական տուգանք սահմանելու հարցով (2018թ.)՝
Բայց վերոհիշյալ իրադարձությունները չեն խանգարել պահպանել մասնագիտական հավասարակշռությունը և հարգանքը Հրայր Թովմասյան իրավաբանի նկատմամբ:
Այն ինչ տեղի է ունենում այսօր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների շուրջ, ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ Է:
Եթե մեր երկրում Սահմանադրական դատարանի նախագահն է անպաշտպան, ապա մենք յուրաքանչյուրս վտանգված ենք: Եթե գործադիր իշխանությունը թիրախավորի որևէ անձի, ապա նրան ոչինչ և ոչ ոք չի կարող պաշտպանել:
Քրեական հետապնդման գործողությունները հանրային անձանց նկատմամբ պետք է հասարակության համար լինեն հասկանալի, հիմնավորված և արդարացված:
Որպես փաստաբան պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի իրավունքների պաշտպանությունը: