Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բառացիորեն մեղադրել է Զարուհի Փոստանջյանին՝ իր դեմ մամուլում հոդվածներ պատվիրելու մեջ: Հետաքրքիր է նշել, որ ինչ-որ տեղ Հովիկ Աբրահամյանը չի սխալվում: Խոսքն, իհարկե, չի վերաբերում նրան, թե պատգամավորը հոդվածներ պատվիրում է թե ոչ, այլ այն փաստին, որ հայաստանյան մամուլում հրապարակված ամբողջ ինֆորմացիայի հսկայական չափաբաժինը կազմում են պատվիրված հոդվածները: Մեդիայի անգամ հպանցիկ ուսումնասիրությունից հստակ եզրահանգումների կարելի է հանգել, թե որ խմբի կամ անհատի շահերով է առաջնորդվում լրատվամիջոցը:
Իհարկե, սա չի նշանակում, թե Հայաստանում չկան շատ թե քիչ հավասարակշռված լրատվամիջոցներ՝ տպագիր և էլեկտրոնային, սակայն սպասարկու մամուլի զուտ քանակական գերակշռությունը ապահովում է տարատեսակ տեղեկատվության այնպիսի հոսք, որը պարզապես լիակատար շփոթություն կարող է առաջացնել ցանկացած ընթերցողի մոտ: Բացի մանիպուլյատիվ բացասական ազդեցություններից ու հետևանքներից նման իրադրության առկայությունը լիովին արժեզրկում է լուրը կամ իրադարձությունը: Սա արդեն որոշակիորեն իր ազդեցությունն է ունենում հանրության մեջ ապատիկ տրամադրությունների առաջացման վրա, քանի որ, անգամ ինտուիտիվ կերպով ընթերցողը հասկանում է, թե ում դեմ է ուղղված հոդվածը կամ լուրը, և ըստ այդմ, կանխատեսելի է, թե ով կարող է լինել պատվիրատուն: Այս պայմաններում արդեն պարզապես հնարավոր չէ խոսել լրատվության մասին, քանի որ եթե այնտեղ առկա է պատվերի գործոնը, ապա , այն կարող է լինել ամեն ինչ՝ բացի լրատվությունից:
Այս տեսանկյունից պետք է նշենք, որ անգամ իրականությանը համապատասխանող հոդվածները, որոնք սակայն ուղղված կամ պատվիրված են որևէ գործչի դեմ ինչ-ինչ հարցեր լուծելու համար, նույնպես հակաէթիկական են, և կրկին որոշակի մանիպուլյացիայի է ենթարկվում ընթերցողի գիտակցությունը: Սա նորություն չէ և կարելի է ասել «խոսքի ազատության» Սերժ Սարգսյանի ընկալումն է, որը դույզն-ինչ չի զիջում քոչարյանական տարբերակին: Տարբերությունը միայն այն է, որ Քոչարյանի օրոք փակվում էին լրատվամիջոցներ, ֆիզիկական բռնությունների ենթարկվում լրագրողներ, հասարակությունը ենթարկվում էր տեղեկատվական բլոկադայի: Ներկայումս սակայն, շրջափակման փոխարեն հասարակությունը ենթարկվում է տեղեկատվական տեռորի՝ բոլոր տեսակի նորմերն ու էթիկայի կանոնները զանց առած հսկայական թվով լրատվամիջոցների կողմից: Իսկ վերջնական արդյունքի առումով, երկու դեպքում էլ մենք հանդիպում ենք միևնույն իրողությանը՝ հասարակությունը մնում է չտեղեկացված և անհաղորդ՝ բուն իրողություններին, դրանով իսկ հեշտ խոցելի ու կառավարելի:
Սա բավական հեշտ արձանագրելի փաստ է: Առավել դժվար է բնականաբար դեղատոմս առաջարկելը, որն առկա իրավիճակում գրեթե անհնար է թվում, քանի որ երբեմն չափազանց դժվար է լինում որոշել, թե որտեղ է ավարտվում խոսքի ազատությունը և սկսվում դեղին մամուլն ու բամբասանքը: Տեխնոլոգիական զարգացման գերարագ տեմպերի առկայության պայմաններում, գրեթե ցանկացած սոցցանցի օգտատեր կարող է հավակնել լրագրող, հոդվածագիր կամ վերլուծաբան լինելուն: Սա արդեն լրջագույն խնդիրներ է առաջադրում դաշտը որակական զտման ենթարկելու համար: