«Իմ քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը նաև ՀՖՖ գործկոմի անդամ է, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի վերջին անփառունակ մրցելույթին (Իտալիա-Հայաստան՝ 9:1 –խմբ.), ՀՖՖ-ում առկա իրավիճակին և ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանին վերաբերող որոշ հարցադրումներին:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք Արթուր Վանեցյանի մեղքի բաժինը չկա ազգային վերջին պարտության մեջ, Արեն Մկրտչյանն ասաց.
«Այս պարտությունը ոչ մի բացատրություն չունի: Կարծում եմ, այս ամենի համար պետք է պատասխանատվություն կրեն թե՛ մարզիչը, թե՛ ֆուտբոլիստները, թե՛ ֆեդերացիան, թե՛ գործկողմի անդամները»,- ընդգծեց իշխանական պատգամավորը:
Պնդմանը, թե Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամները քաղաքական-պետական գործիչներ են և մեծ հաշվով չեն հասկանում ֆուտբոլի առանձնահատկություններից, Մկրտչյանը նշեց հետևյալը.
«Ներքին մենեջմենթի համար գործկոմը պատասխանատու չէ, դրա համար կա ֆեդերացիա, գործկոմը զբաղվում է ոլորտի ռազմավարության ու քաղաքականության մշակմամբ»:
Պատգամավորը հավելեց նաև, որ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի նշանակումը թեպետ անցել է խախտումներով, բայց գործկոմը գտնվելով ֆորսմաժորային իրավիճակում՝ ստիպված վավերացրել է նրա թեկնածությունը: Այդուհանդերձ, հավաքականի պարտության թիվ մեկ պատասխանատուն գլխավոր մարզիչն է:
Անդրադառնալով հայկական ֆուտբոլին՝ պատգամավորը նշեց, որ բացահայտվել են լուրջ չարաշահումներ, մասնավորապես՝ պայմանավորած խաղերի մասով: