Այսօր Երևանում մեկնարկած «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում, հնարավորություններ և մարտահրավերներ» խորագիրը կրող միջազգային համաժողովը անցկացվեց Հայաստանի բնապահպանական ակտիվիստների պաստառների ու ռեպլիկների ներքո: Համաժողովը կազմակերպել էին ՀՀ կառավարությունն ու Համաշխարհային բանկը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD), Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Բրիտանական դեսպանատան, Երևանում Գերմանիայի դեսպանության և Կանադայի կառավարության աջակցությամբ: Սրանք այն 4 երկրներն են, որոնք ներգրավված են Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում: Բացման խոսքով հանդես եկան ինչպես այդ երկրների դեսպանները, այնպես Հայաստանի Բնապահպանության, Էներգետիկայի և Էկոնոմիկայի նախարարները:
Մինչ այդ բնապահպանական ակտիվիստները ընթերցեցին իրենց հայտարարության տեքստը՝ շեշտելով, որ Հայաստանում այսօր տեղի է ունենում բնական պաշարների անխնա թալա, իսկ շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության վրա հանքարդյունաբերության ունեցած աղետալի հետևանքները սքողվում ու թաքցվում են:
Հայաստանի նախարարները իրենց խոսքում կարևորեցին ոլորտում վերջին տարիներին իրականացված օրենսդրական փոփոխություններն ու հանքարդյունաբերության դերը մեր տնտեսությունում: Համաժողովին ելույթ ունեցան նաև մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր քննադատեցին ոլորտում Հայաստանի կառավարության իրականացրած քաղաքականությունը: