Այսօր վերջապես բացվեց Փակ Շուկան` իհարկե արդեն որպես հերթական «Երևան Սիթի»: Չնայած մինչ օրս քաղաքացիական հանրության, տարբեր մշակութային գործիչների, ճարտարապետների ու մտավորականների բողոքի ձայնին, գրեթե կասկած չէր հարուցում իրադարձությունների նման ընթացքը: Առաջին տպավորությունն այն է, Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) կարողացավ հաղթող դուրս գալ պետության կամ կառավարության դեմ պայքարում՝ իրականացնելով ոչ միայն իր ցանկությունները, այլև քմահաճույքները: Սակայն արդի իրավիճակում երևույթները շատ ավելի բազմաշերտ են: Պետության կամ պետական որևէ մարմնի ցանկության դեպքում ոչ Սամվել Ալեքսանյանը, ոչ էլ ցանկացած օլիգարխ կամ գործարար, ի զորու չէ ինգնագործունեությամբ զբաղվել: Իրականում, սակայն, իշխանությունները ներկայացնողների և տարբեր օլիգարխների ցանկությունները ոչ միայն համընկնում են, այլև թելադրված են միևնույն կենտրոնից: Հայաստանյան տնտեսական և քաղաքական համակարգի կարևորագույն թերություններից մեկը բիզնեսի և քաղաքականության, տնտեսական և քաղաքական էլիտաների սերտաճումն է, որի արդյունքում շատ հաճախ քաղաքական որոշումները կայացվում են համակարգում առկա տնտեսվարողների շահերին համահունչ: Սա նաև հասկանալի է, քանի որ Հայաստանում իշխանությունները վերջին 15 տարիների ընթացքում ձևավորվում են ոչ թե ժողովրդավարական սկզբունքների համաձայն, այլ պարզապես վերարտադրվում են: Իշխանությունների վերարտադրման գործընթացը, բնականաբար, դրված է գործարար-օլիգարխների, տարբեր թաղային ու քաղաքային հեղինակությունների, հայաստանյան չափանիշներով ֆինանսական մագնատների և բնականաբար տեղական ադմինիստրացիայի ներկայացուցիչների (մարզպետներ, քաղաքապետներ) ուսերին: Իշխանությունների վերարտադրման գործընթացի անխափան իրականացումից հետո, վարչակարգին մատուցած ծառայությունների դիմաց վերոհիշյալ խավի ներկայացուցիչները քարտ-բլանշ են ստանում իրենց գործունեության ոլորտներում:Սակայն բնականաբար այսքանով ամեն չի սահմանափակվում, քանի որ հայտարարված ազատ շուկայական հարաբերությունների ետևում ձևավորվել է, այսպես կոչված, «փայատիրական» համակարգ: Միամտություն կլինի կարծել, թե Սամվել Ալեքսանյանը կամ մյուս տնտեսվարող սուբյեկտները միանձնյա են ղեկավարում իրենց բիզնեսը: Գուցե ուղղակի ապացույցներ չկան, սակայն հանրության համար կասկածից վեր է, որ տարբեր պետական պաշտոնյաներ` ընդհուպ մինչև նախագահ և նախագահի ընտանիքի անդամներ, որոշակի «փայ» ունեն ոչ միայն խոշոր գործարարաների բիզնեսից, այլև մանր ու միջին տնտեսվարողներից: Այս պայմաններում բնական է, որ որևէ օլիգարխի շահերին փոքրիշատե հարվածող որոշման պարագայում նվազելու է պետական պաշտոնյա (կամ պաշտոնյայի բարեկամ) «փայատերերի» եկամուտը: Արդյունքում Փակ շուկայի կամ որևէ այլ կառույցի հուշարձան լինելը չորրորդական խնդիր է: Վերոնշյալի արդյունքում կարող ենք ավելացնել միայն, որ հարցն այստեղ վերաբերում է ոչ այնքան Սամվել Ալեքսանյանին, այլ զուտ պետական համակարգին, վերջինիս ոչ թե անզորությանը այլ շահագրգռվածությանը` որպեսզի Փակ Շուկան դառնա «Երևան Սիթի»: