Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանը հանկարծակի հայտարարեց Հայաստանի Հանրապետության Մաքսային միությանը անդամակցության վերաբերյալ, որը բնականաբար Եվրամիության հետ ասոցացման կասեցման պատճառ հանդիսացավ:
Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի կառավարությունն անակնկալ կերպով որոշում կայացրեց Եվրամիության հետ ասոցացման նախապատրաստական աշխատանքները դադարեցնելու մասին:
Երկու դեպքում էլ եվրաինտեգրացիան կասեցրած իշխանությունները հայտարարեցին Եվրոպայի հետ հետագայում հարաբերությունների խորացման ցանկության մասին: Եթե Հայաստանի դեպքում իշխանությունները, չնայած Եվրամիության կողմից բազմակի մերժմանը, պնդում էին, որ ցանկանում են ստորագրել համաձայնագիրը, ապա Ուկրաինայի դեպքում Յանուկովիչը առաջարկեց եռակողմ բանակցություններ` ինչը նույնպես մերժվեց:
Այսպիսով, գրեթե ստացվում է նույն իրավիճակը` մեկ տարբերությամբ, որ Ուկրաինան դեռևս չի հայտարարել Մաքսային միություն մտնելու ցանկության մասին:
Երկու երկրների իշխանությունների դեպքում էլ ակնհայտ է Կրեմլի գիրկը վազելու և ակնհայտ հակապետական որոշումներ կայացնելու փաստը, հետևաբար բնական է, որ թե’ այստեղ, թե’ այնտեղ պետք է դրվի երկրի նախագահի պաշտոնում գտնվող անձանց և կառավարության հրաժարականի հարցը: Սակայն ի տարբերություն Հայաստանի` Ուկրաինայում նման որոշումը առաջացրեց հասարակական լուրջ ընդվզում` ինչը գոնե մասամբ կազմակերպվում և իրականացվում է ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից: Հետաքրքրական է, որ ուկրաինական ընդդիմությունը առաջ է քաշում ոչ միայն կառավարության հրաժարականի և նախագահին իմպիչմենթ հայտարարելու հարցերը, այլ նաև դնում է Եվրաինտեգրացիայի գործընթացը շարունակելու պահանջ:
Հայաստանի դեպքում բացի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած անկախության երթից ոչ մի էական գործընթաց չծավալվեց: Ընդդիմադիր ուժերից քչերը հստակ արտահայտվեցին կայացված որոշման դեմ, իսկ ովքեր արտահայտվեցին` տարածված հայտարարություններից այն կողմ չանցան: Այսպիսով Հայաստանի Հանրապետությունը ընդդիմադիր քաղաքական ուժերի լուռ համաձայնությամբ կամ լուռ անհամաձայնությամբ մտնում է Մաքսային միություն: Պարույր Հարյրիկյանի կողմից նախաձեռնված գործընթացը ևս դեռ լուրջ արձագանքներ չի ստանում: Իհարկե, կարելի է խոսել այն մասին, որ վերջինս դեռևս ընտրական շրջանում ամբողջովին սպառեց իրեն, սակայն այս պարագայում կշեռքի նժարին դրված է ՀՀ ինքնիշխանության և անկախության հարցը:
Այսպիսով, այն քաղաքական ուժերի գործողությունները, որոնք դնում են Սերժ Սարգսյանի հեռացման պահանջը` միաժամանակ դա չզուգորդելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության համար տարվող պայքարի հետ, հստակ դիրքորոշում չհայտնելով Մաքսային միությանը անդամակցության վերաբերյալ, ոչ այլինչ են, քան պայքար գուբերնատորի աթոռի համար:
Նարեկ Ամյան