Երկուշաբթի օրը տեղի կունենա «Հայաստանի հանրապետություն գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ», «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջեւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքի ու հետագա գործունեության պայմանների մասին», «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ» համաձայնագրերի՝ ԱԺ-ի կողմից վավերացման քվեարկությունը:
Հիշեցնենք, որ այս քվեարկությունը պետք է տեղի ունենար դեռևս դեկտեմբերի 20-ին, սակայն զարմանալիորեն, ՀՀԿ-ի և, մասնավորապես, Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ, նախ փորձ արվեց քվեարկությունը տեղափոխել այսօր, հետո արդեն երկուշաբթի: Այս փաստը հետաքրքրական էր այն առումով, որ օրվա ընթացքում Հովիկ Աբրահամյանը կարծես շտապում էր հարցը դնել քվեարկության, սակայն օրվա վերջում հանկարծակի որոշեց քվեարկությունը հետաձգել:
Հավանաբար ԱԺ մեծամասնության համար անսպասելի էր ոչ կոալիցիոն բոլոր 4 խմբակցությունների խիստ դեմ վերաբերմունքը համաձայնագրերին: Հետաքրքրական էր նաև հանրապետական մի քանի պատգամավորների ոչ այդքան դրական դիրքորոշումները, իսկ Դավիթ Հարությունյանի ելույթը հավանաբար բացառիկ էր կոճակային միօրինակության մեջ: Հուսանք, որ պետական դավաճանության մասին պնդումները ազդել են նաև որոշ հանրապետական ներկայացուցիչների վրա:
Սակայն, ամեն դեպքում, եթե իսկապես հանրապետականի և նրա ռուս հայրիկի համար կարևոր է այս համաձայնագրերի վավերացումը, ապա ամեն գնով դա կարվի՝ պատգամավորներին հատ-հատ ԱԺ բերելով և ստիպելով կողմ քվեարկել, և այդ թվում՝ ոչ միայն հանրապետականներին: Նման պայմաններում իրապես Հայաստանի ինքնիշխանության համար պայքարող պատգամավորներին մնում է ոչայլինչ, քան գրավել ԱԺ նախագահությունը և թույլ չտալ քվեարկություն: Իհարկե, նման գործողությունը, ամենայն հավանականությամբ, չի բերի վերջնական արդյունքի, մանավանդ, եթե դրան չմասնակցեն բոլոր դեմ 4 խմբակցությունները: Սակայն դա գոնե հնարավորություն կտա վերջնականապես թացն ու չորը տարբերակել և կարող է հստակ ուղերձ լինել հանրությանը: Իրապես պետության շահերից խոսող քաղաքական ուժը և քաղաքական գործիչը ուղղակի չի կարող թույլ տալ նման փաստաթղթի վավերացումը, նույնիսկ եթե դրա հնարավորությունները տրված չեն օրենսդրությամբ և ԱԺ կանոնադրությամբ:
Այլևս հատվել է լուրջ դեմքի արտահայտությամբ, արդուկված կոստյումներով և փողկապներով պատգամավոր կամ քաղաքական գործիչ խաղալու ժամանակը: Պայքարը այլևս պետք է լինի բարիկադների վրա, և այդ բարիկադները պետք է լինեն թե՛ Ազգային ժողովում, թե՛ փողոցում…
Նարեկ Ամյան