Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն ծառայությունը հետաքննություն է սկսել իշխող «Վրացական երազանքի» Նինոծմինդայի և Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի ընտանիքին պատկանող «Մեեկ» ընկերության գործով:
Այդ մասին տեղեկացնում է aliq.ge-ն: Աղբյուրի փոխանցմամբ, այս փուլում ուսումնասիրվում են իրենց կողմից հրապարակված փաստերը: Արդեն 7 տարի է, ինչ Ախալքալաքում և Նինոծմինդայում պետական գործակալությունները վառելիք են գնում «Վրացական երազանք»-ի մեծամասնական պատգամավորի ընտանիքին պատկանող «Մեեկ» ընկերությունից: Նշանակալի է, որ Հենզել Մկոյանի ընտանիքին՝ եղբորն ու որդիներին պատկանող ՍՊԸ-ները Նինոծմինդայում և Ախալքալաքում տենդերները բացարձակապես շահելով՝ արդեն կես միլիոն լարի շահույթ են ստացել:
1999 թվականից Հենզել Մկոյանն անընդմեջ Վրաստանի խորհրդարան է անցնում մեծամասնական ընտրակարգով: Նա առաջադրվել է նախաձեռնող խմբի կողմից՝ 1999-ից 2008 թվականներին, իսկ հետո «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից՝ 2008-2012 թվականներին: 2012-ի իշխանափոխությունից մինչ օրս Մկոյանը կրկին ներկայացնում է իշխող կուսակցությունը:
Մկոյանն այն օրենսդիրներից է, որոնք դեմ քվեարկեցին համամասնական ընտրակարգի օրինագծին: