տուն Քաղաքական Վերլուծական Չպետք է եկեղեցուն թույլ տալ խաղալ հակապետական դեր

Չպետք է եկեղեցուն թույլ տալ խաղալ հակապետական դեր

365
0

Այսօր Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Գալա-ի հետ հարցազրույցում անդրադառնալով Զորի Բալայանի նամակին` ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, կարծիք է հայտնել, որ դա ճիշտ քայլ էր: Նա նշել է, որ այդ նամակով Զորի Բալայանը մի քանի պատմական ծալքեր է բացահայտել:

Թե ինչ բացահայտումների մասին է խոսքը, անհասկանալի է: Իր նամակում Բալայանը, երբեմն նաև խեղաթյուրելով պատմական փաստերը, փորձում է ապացուցել, որ Արցախը ռուսական տարածք է: Փաստացի սա կոչ է Ղարաբաղը Ռուսաստանին ինքնակամ  հանձնելու մասին, և այս կոչին  միանում է նաև Արցախի հոգևոր առաջնորդը: Այնուհետև անդրադառնալով Արցախի անկախությանը,  ինչ-որ էմոցիոնալ, իրականության հետ եզրեր չունեցող հիմնավորումներով արդարացնում է  Բալայանին և լղոզում կատարվածը:

Եթե նման տեսակետ բարձրաձայներ քրիստոնեական այլ եկեղեցու ներկայացուցիչ, ապա Հայ առաքելական եկեղեցին ռազմահայրենասերների հետ ձայն-ձայնի տված կքննադատեր, սպառնալիքների տարափ կտեղար նման կարծիք հայտնողների գլխին, կհայտարարեր, որ աղանդները քայքայում են հայոց պետականության հիմքերը: Սակայն այս պարագայում՝ լռություն է:

Այսօր Հայ առաքելական եկեղեցու համար Հայր, Որդի և Սուրբ հոգի երրորդությանը կարծես փոխարինելու է եկել վարչախումբ, օլիգարխիա, եկեղեցի եռամիասնությունը: Փաստացի գոյություն չունի պետության և եկեղեցու տարանջատում, իսկ հոգևորական դասը կարծես ստանձնել է վարչախմբի կողմից  գցվող կեղծ թեմաների, կեղծ գաղափարախոսությունների փիառ կամպանիա իրականացնողի դերը:

Պարգև Սրբազանի խոսքից կարելի է ենթադրել, որ քրիստոնեությունը պետություն և ազգություն չի ճանաչում. «… մենք ազատագրվել ենք պարսկական լծից եւ անցել ենք քրիստոնեական Եվրոպայի միակ գերտերությանը, նպատակը ո՞րն էր՝ քրիստոնեական արժեքների իրական դաշտում ապրել եւ գոյատեւել, սա էր մեր երազանքը…»: Կարծես այսօր էլ պահպանվում է այդ երազանքը և անկախ պետականություն կերտելու փոխարեն ավելի նախընտրելի է դառնում ստրկությունը ռուսական ցարին: Այս դեպքում անհասկանալի է Հայաստանում այդ նույն ռուսական ուղղափառ եկեղեցուն կամ այլ  քրիստոնեական եկեղեցիներին աղանդավորների աչքով նայելը: Այսպիսով մեկ բան առնվազն ակնհայտ է՝ Պարգև Սրբազանի համար կարևորը իր հոտի՝ քրիստոնեական երկրում ապրելն է, և ամենևին կարևոր չէ, թե այդ երկրի ամբողջ գաղափարախոսությունը, պետական համակարգը հիմնված են  քրիստոնեական, թե արևելյան, միգուցե նաև մահմեդական արժեքների վրա:

Հայ առաքելական եկեղեցին իր կարևոր դերակատարումն է ունեցել պետականության բացակայության պայմաններում, երբ միակ նպատակը եղել է հայությանը իր շուրջը համախմբելը, և իշխողների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմամբ հայկական համայնքի համար քիչ թե շատ տանելի պայմանների ապահովումը: Պետականության առկայության պայմաններում այս գործառույթը այլևս ժամանակավրեպ է, սակայն եկեղեցական դասը շարունակում է խաղալ  ցարից, շահից մի փոքր ավելի լավ պայմաններ մուրալու դերախաղը: Չպետք է թույլ տալ եկեղեցուն խաղալ այդ հակապետական դերը:

Նարեկ Ամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here