«ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում Հայաստանի դեսպան նշանակելու փաստը խիստ մտահոգություն է առաջացրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմում։ Ընդամենը մեկ ամիս առաջ էր «ՉԻ»–ն տեղեկացրել, որ Արմեն Սարգսյանը պատրաստվում է ավելի ակտիվ դերակատարում ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքում և 2018թ. դառնալ Սերժ Սարգսյանի ժառանգորդը։ Եվ նշել էինք, որ նա նշանակվելու է Հայաստանի դեսպան Մեծ Բրիտանիայում։ Մեր կանխատեսումներն իրականացան։ Այժմ Արմեն Սարգսյանը դեսպան է։ ՀՀ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ Տիգրան Սարգսյանը այդ նշանակումը համարում է հենց իր շահերին հարվածող քայլ և մտադիր է առաջիկայում իրեն սպասարկող լրատվամիջոցներով լայնածավալ քարոզչական արշավ սկսել ընդդեմ Արմեն Սարգսյանի։ Այդ ուղղությամբ արդեն կա «առաջին ծիծեռնակը»։ Օրերս լրատվամիջոցներից մեկը նախկին վարչապետի վերաբերյալ ծավալուն հոդված էր հրապարտկել, որտեղ Արմեն Սարգսյանը ներկայացված էր գրեթե որպես հրեշ։ Նման հոդվածներ շուտով ավելի հաճախ կլինեն։
Մեր տեղեկություններով, Արմեն Սարգսյանն էլ չի պատրաստվում լուռ մնալ և մտադիր է իր լծակներն օգտագործել ընդդեմ Տիգրան Սարգսյանի։ Թե ինչպես է դա արտահայտվելով շուտով պարզ կդառնա։ Ամենահավանականը կոմպրոմատների նոր շարքի հրապարակումն է»,–գրում է թերթը։