«Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանն այնպես է տոգորված ՀՀԿ թեկնածու Հայկ Հայկյանին Արարատի քաղաքապետ դարձնելու և ըստ այդմ՝ Լոնդիկի բախտին չարժանանալու գաղափարով, որ մարզպետական իր գործերը թողած, դռնեդուռ ընկած՝ ընտրական գործ է անում։
Մասնավորապես, մարզպետն անձամբ է մտնում Արարատում գործող մի քանի բյուջետային հիմնարկներ ու բյուջեից աշխատավարձ ստացող աշխատողներին բացատրում, որ եթե վերջիններս չընտրեն ՀՀԿ-ի թեկնածուին, ապա կարող են նոյեմբերի 11-ից իրենց համար նոր գործ գտնել։ Նախօրեին Արամայիս Գրիգորյանը մտել է Արարատի հիվանդանոց ու գրեթե շտիրլիցական տեքստ է ասել։ Հիվանդանոցի կոլեկտիվի աչքի առաջ նա թափահարել է մի ցուցակ և ասել, որ այս ցուցակում հիվանդանոցի այն աշխատակիցների անուններն են, ովքեր իրենց ձայնը տալու են ԲՀԿ-ի թեկնածուին և իր ցուցակին հույժ հավաստիություն տալու համար մարզպետ Մայիսը, արդեն մի քիչ ավելի ցածր տոնով, հայտարարել է, որ սույն ցուցակը իրեն են տրամադրել հատուկ մարմինները։ Թե ո՞ր հատուկ մարմինների մասին է եղել խոսքը՝ մարզպետ Մայիսը չի պարզաբանել։ Իհարկե, երբ հիվանդանոցի մի քանի բժիշկ ցանկացել են պարզել, թե ո՞ւմ անուններն են ներառված սև ցուցակում, մարզպետը հրաժարվել է ասել։
Նրա ավագ եղբայրը՝ Հայկ Հայկյանի նախընտրական շտաբի պետ Արայիկ Գրիգորյանը, ևս հետ չի մնում իր պաշտոնյա եղբորից։ Վերջինս էլ Արարատի բոլոր մեծ ու փոքր չինովնիկներին ամեն օր հարկ է համարում զգուշացնել, որ սույն գործը գտնվում է անձամբ Սերժ Սարգսյանի զգոն հսկողության ներքո և Հայկ Հայկյանին ցանկացած «դեմ» ձայն՝ դա «դեմ» ձայն է անձամբ Սերժ Ազատիչին։ Բնականաբար, շտաբի պետը չի մոռանում այս տեքստից հետո հիշեցնել նման «դեմերի» բոլոր հնարավոր տխուր հետևանքները»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։