Երբ երկիրը պայքարում է կորոնավիրուսի դեմ, երբ անընդհատ երկրի ղեկավարի մակարդակով և տեսաուղերձներով հանրությանը հորդորվում է տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, խուսափել բազմամարդ հավաքներից և այլն, ականատես ենք լինում, թե ինչպես գիշերային ուշ ժամերին չեն դադարում հրավառությունները:
Դրանց առկայությունը վկայում է, որ մարդիկ դեռ շարունակում են ապրել այնպես, ինչպես նախկինում:
Գիշերը` ժամը 24:00-ի սահմաններում, Էջմիածնում կրկին հրավառություն էր: Ըստ օրենքի՝ երեկոյան 22:00-ից հետո արգելվում է հրավառություններ կազմակերպելը, բացի տոնական օրերից`օրենքով սահմանված կարգով: Իսկ համավարակի պայմաններում առավել ևս պետք է բացառել հրավառությունները:
Այս հարցի առնչությամբ կապ հաստատեցինք Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Մարիամ Պողոսյանի հետ:
Վերջինս, պարզաբանելով կատարվածը, ասաց, որ այս հարցը ավելի շատ իրավապահների անմիջական վերահսկողության ներքո է:
Իսկ քաղաքապետի մասով Մարիամ Պողոսյանը նկատեց, որ Էջմիածնի քաղաքապետը հորդորել է քաղաքացիներին ուշ ժամերի հրավառությունների դեպքում նկարել և ուղարկել, որպեսզի հնարավոր լինի վերահսկել իրավիճակը:
Հայկ Մագոյան