Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ օրերս երևանյան ռեստորնաններից մեկում դատարանների նախագահները հանդիպել են. պատճառը ԲԴԽ-ի և Վճռաբեկ դատարանի միջև եղած «ոչ հարթ» հարաբերություններն են, և դատարանների նախագահները որոշել են հարցի լուծման համար վերականգնել նախկինում գործող դատարանների նախագահների խորհուրդը։
Araratnews.am-ը փորձեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանից ճշտել, թե տեխնիկապես նա ինչպես է պատկերացնում խորհրդի ձևավորումը, արդյոք օրենսդրական նախաձեռնության կարիք չկա այդ հարցում։
ԲԴԽ լրատվականից հաստատեցին, որ հանդիպումը եղել է, և Վարդազարյանը լուրը տարածող թերթին արդեն իսկ հայտնել է իր տեսակետը խորհրդի ձևավորման մասին․ «Ինքս եմ հորդորել, որ այն հարցերը, որ հուզում են դատարանների նախագահներին, ընդհանրացնեն, որպեսզի միասնական կարծիք ձևավորվի, այդ դեպքում ԲԴԽ-ն հաշվի կառնի, որ սա ձևավորված, քննարկված կարծիք է, այլ ոչ թե մեկ դատավորի»։
Հարցի շուրջ զրուցեցինք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հետ, որը նախկինում համակարգում աշխատել է։
Հարցին՝ վտանգներ չի՞ տեսնում պատգամավորն այս հանդիպումներից, և դատարանների նախագահների կողմից խորհրդի ձևավորումը կարո՞ղ է ռեստորանային հանդիպման մակարդակով որոշվել, Բաղդասարյանը զարմացավ, որ իրավաբան մարդիկ կարող են նման հարց քննարկել․ «Հավաքվել են 4 հոգի, որոնցից ոչ մեկը պատգամավոր չէ, ու որոշել են նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, ինչի իրավասությունը չունեն։ Իրենք իրավաբան են մասնագիտությամբ, գիտեն, որ չեն կարող օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ»։
Բաղդասարյանը ՀՀ Սահմանադրությունից մեջբերեց կետ՝ շեշտելով, որ ո՛չ ԲԴԽ և ո՛չ էլ Վճռաբեկ դատարանի նախագահները օրենսդրական նախաձեռնության սուբյեկտ չեն հանդիսանում․ «Պետք է համապատասխան օրենքում փոփոխություն արվի, և այդ օրենքի մեջ փոփոխություն անող սուբյեկտները, որ կարող են օրենքում փոփոխություններ առաջարկել, նախագծի տեսքով Սահմանադրության մեջ թվարկված են»։
Այսինքն՝ դատարանների նախագահները հավաքվել են և քննարկում են մի հարց, որի իրավասությունն իրենք չո՞ւնեն․ «Ես չեմ հավատում, որ տվյալ անձինք դա չգիտեն։ Տվյալ ոլորտում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կարող է գալ միայն արդարադատության նախարարությունը, առավելագույնը կարող են դիմել նախարարություն, բայց ԱՆ իր ռազմավարությունը հրապարակել է, և չի կարող իրավաբան մարդը, դրան ծանոթ լինելով, այլ բան անել»,- եզրափակեց Բաղդասարյանը։
Սակայն, ինչպես վերևում մեջբերեցինք, ԲԴԽ նախագահը չի ժխտել, որ հարցը քննարկվել է։