Լրագրողների հետ ունեցած իր այսօրվա ճեպազրույցում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ բոլոր պետություններում էլ կա հասարակության մի զանգված, որն «անընդհատ փորձելու է այս կամ այն եղանակով հարկեր չվճարել, ստվերում գործել»:
«Չի կարելի շահագրգռել քաղաքացուն: Երբ որ դու շահագրգռում ես քաղաքացուն, ասում ես`ես քեզ գումար կվճարեմ ՀԴՄ վերցնելու համար, ձևավորում ես շահի վրա հիմնված ինչ-որ փոխհարաբերություն քո քաղաքացու հետ, որը որ մենք չենք ընդունում»,- ընդգծեց ՊԵԿ նախագահը:
Պատասխանելով ստվերային աշխատատեղերի մասին լրագրողի հարցին`Դավիթ Անանյանը մասնավորապես ասաց. «Մենք անընդհատ ցուցանիշ ենք հանում 2018 թվականի մայիս ամսվա համեմատ, օրինակ, հունվարի 27-ի դրությամբ ավելացված աշխատատեղերի քանակը եղել է ավելի քան 87000: Դրա մի մասը ստվերից է բերվել, մի մասը նոր բացված աշխատատեղեր են»:
Խոսելով տնտեսկան ցուցանիշների մասին` Դավիթ Անանյանը նշեց. «Եթե համարենք, որ մեզ գոհացնում է, ապա այդ ժամանակ մեր թոշակի գնալու ժամանակը կլինի: Եթե մենք լավ ենք աշխատում, արդյունքներ ունենք, ապա այդ արդյունքները մեզ համար պետք է լինեն ոչ բավարար»: