«ՍԴ-ի կողմից կուտակայինի մասին օրենքի ուժի մեջ թողնելու որոշումը վատագույն լուծումը կլինի ստեղծված իրավիճակում: Նման որոշման դեպքում կարծում եմ, հասարակության արձագանքն ավելի բուռն կլինի, քան այսօր է, որովհետև շատերը դեռ հույսեր ունեն, որ ՍԴ-ն հակասահմանադրական կճանաչի ԱԺ-ի կողմից ընդունված օրենքի պարտադիր բաղադրիչը: Հաշվի առնելով այն, որ խորհրդարանական 4 ուժեր նույնպես դեմ են արտահայտվել այդ օրնեքին, ապա չի կարելի բացառել, որ բողոքի առավել մեծ ալիք բարձրանա»,- AraratNews.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական զարթոնք» հասարակական կազմակերպության ղեկավար Տիրայր Մուրադյանըˋ նկատելով, որ ՍԴ որոշումից շատ բան է կախված:
Տիրայր Մուրադյանը չի բացառում, որ հետագայում շարժումը կներկայացնի նաև քաղաքական պահանջներ.«Քաղաքացիական ցանկացած նախաձեռնություն մաս է կազմում քաղաքական գործընթացի ու դրանք առանձնացնելը ճիշտ չի: «Դ!եմ եմ»-ի շարժումն արել և անում է առավելագույնը, որը ողջունելի է և ՍԴ-ի որոշումից էլ շարժման լիդերները, ենթադրում եմ, կորոշեն իրենց անելիքները:
Այստեղ շատ կարևոր է նաև քաղաքական ուժերի դերը, որոնք հետևողական պետք է լինեն կուտակայինի հարցում, այսինքն՝ ամեն հնարավորն անեն, որպեսզի այս օրենքը հակասահմանդրական ճանաչվի, ու իմ կարծիքով սա լավագույն լուծումը կլինի ստեղծված իրավիճակում»,- եզրափակեց իր խոսքը մեր զրուցակիցը: