Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանն այսօր Եռաբլուրում անդրադարձավ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Սարգսյանը:
«Նոր իշխանությունը որևէ կաշկանդվածություն չունի Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտելու առումով: Ես որևէ կասկած չունեմ իրենց հարցում, այսինքն՝ իշխանությունները շահագրգռված են բացահայտելու գործը»-նշեց նախկին վարչապետ Արամ Սարգսյանը:
Նրա դիտարկմամբ, գործն իսկապես քաղաքական ենթատեքստ ունի և հենց դրանով է պայմանավորված, որ դատավարության արդյունքները չեն գոհացրել որևէ մեկին:
«Այժմ գործընթացներն այնպիսին են, որ իրավիճակին հետևում է գլխավոր հանցագործը (Նաիրի Հունանյանը – խմբ.), փորձում է իրեն շահեկան պայմաններ ստանալ, իր հանդեպ մեղմ վերաբերմունքի հասնել: Չեմ բացառում, որ նման հանցագործության գնացած ստահակը ընդունակ է ամեն ինչի: Եվ նա լավ իմանալով, որ իր կողքի խցում նստած է Ռոբերտ Քոչարյանը, փորձի ինչ-որ բաներ ասել, որը, միգուցե ճշմարտություն է, գուցե ասվում է նրա համար, որ իր համար շահեկան իրավիճակ ստեղծի»,-ասաց ԱԺ նախկին պատգամավորը:
Ամեն դեպքում, ըստ Արամ Սարգսյանի, Հոկտեմբերի 27-ի գործը պետք է քննվի այնպիսի ժամանակաշրջանում, երբ կայացած կլինի դատաիրավական համակարգը, երբ հանրային լուրջ վստահություն լինի և իսկապես պետությունն ուժեղ լինի: