Չինաստանի իշխանությունները քննադատել են Ճապոնիայի վարչապետ Սինձի Աբեին, ով այսօր այցելել է Տոկիոյի կենտրոնում գտնվող Յասուկունի տաճար, որն Ասիայում ասոցացվում է ճապոնական ռազմատենչության հետ։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։
Արտգործնախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ այս ակցիան անընդունելի է չինացի ժողովրդի համար, իսկ ճապոնիան պետք է հաշվի առնի այս քայլի հետևանքները։
Տեղեկացնենք, որ Յասուկունի տաճարում երկրպագում են ճապոնացի մարտիկների հոգիներին, ովքեր զոհվել են «կայսեր և հզոր Ճապոնիայի» համար։ Այստեղ տեղադրված են 2.5 մլն ճապոնացիների անուններով վահանակներ, որոնց մեջ են նաև Երկրորդ աշխարհամարտում զոհվածների անունները։ Ճապոնիայի վարչապետն այս տաճար չէր այցելել 2006 թվականից։