Չիլիացի պատանին Խաղաղ Օվկիանոսի ափին գտել է ուղերձ պարունակող շիշը, որը «ճամփորդության» էր դուրս եկել Նոր Զելանդիայից: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
13-ամյա Աբրամ Քարիմոնեյը լողափով գնալիս է եղել դպրոց, երբ նկատել է ավազի մեջ ընկած շիշը: Նրանում եղել է անգլերենով գրված նամակ: Պատանին այն կարդացել է անգլերենի ուսուցչի միջոցով: Պարզվել է, որ շշի մեջ ուղերձը դրվել է 2011 թվականի դեկտեմբերին: Այն ծովում դեգերել է մոտ երկու տարի` կտրելով 10 հազար կմ տարածություն:
Նամակում գրված էր. «Ինձ շատ է հետաքրքրում օվկիանոսն ու նրա հոսանքները: Եվ կցանկանայի նորություն ստանալ նրանից, ով կգտնի այս շիշը: Առաջարկում եմ մեծ պարգևատրություն»: Ուսուցիչն ու տղան էլեկտրոնային նամակ են ուղարկել Մեթ Յանսենին, ով ուղերձի հեղինակն էր: Վերջինս շատ է ցանկացել ծանոթանալ 13-ամյա պատանու հետ: